Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդպե՜ս…– արեց ծերունին, մի վայրկյան լուռ խորհելուց հետո,– ուզում եք դո՛ւք էլ մեզ նման՝ մեր հողը մշակել… եթե իմանամ, որ քեֆի համար է, ամառը հենց անցկացնելու—խոսք չունեմ․ բայց, եթե ուզում եք շահվել… Սահակենց Մանուկը ձեզ, օրինակ, չի՞ խոսել մեր հողի, մեր մարդկանց կամ օդի մասին…

— Խոսել է,— ասացի ես,— մարդիկ վատ չեն երևում, հողն էլ լավ է թվում, իսկ օդը, ասում են, որ անձրևային է։

— Անձրևայինն իրա կարգին, բայց ասե՞լ է, որ մեր հողը առանց լա՛վ, շա՛տ լավ աղբելու բան չի բուսցնի, որ անձրևը, կարճատև ամառը…

Բայց Ջավադը, որ երևի աննկատելի լսում էր մեզ, ականջը մեր կողմն էր, հանկարծ ընդհատեց ծերունուն և գոչեց․

— Ինչի՞ ես էդպես խոսում, ա՛մի․ ինչի՞, մեր հողի ի՞նչն ա… պակա՞ս բան ա բուսցնում, որ բեջարես[1]… բաս էսքան ծաղիկները, անտառը, ջուրը… ճիշտ չե՞մ ասում, պապաշա՞։

Ընկերս ծիծաղեց և ասաց.

— Դե իհարկե, մենք էլ խո տեսնում ենք… Եվ վերջապես ի՞նչ կա, աղբ քի՞չ ունեք, ամբողջ գյուղը—ինքը մի՞թե հենց աղբի մեջ չի նստած…

Շատերը ծիծաղեցին՝ սրախոսություն համարելով։ Ջավադն ամենից բարձր քրքջաց, մինչ մի գյուղացի մոտեցավ ծերունի խրատչին և ասաց․

— Ամի՛, քաղաքացոց սիրտն ի՞նչի ես կոտրում… իրենք խո մեզանից լավ գիտեն, թող տեսնեն, էլի՛։

— Բան չեմ ասում, ի՞նչ եմ ասում,— շփոթվեց ծերունին,– յանի ասում էի, որ առաջուց իմանան…

— Էդ քո ի՞նչ բանն ա… - կանչեց նրա վրա Ջավադը,— քո հողը լավը չի, իմը շա՞տ լավն ա, ի՞մը կտամ։

— Հա, բա՞ս, մեկը քո հողն ա լավ, մեկն էլ իմը։

— Դե, դե՞, անսաս[2] տեղդ նստի՞,— ձայնեց ջավադը բարկությամբ,— մեր հողին վատ ասելը բերնիդ չի ընկել… լավն էն ա, ամի՞, որ դու չխոսաս… իմ պապաշան,— դարձավ նա ընկերիս,— քեզնից էլ ու մեզնից էլ լավ գիտի… Աղբ էլ որ ուզենա, այ, մեր տան առաջը մի սարի չափ կա հինը. է՛նքան տամ, որ սաղ դաշտը ծածկի… Հը՞, սրա՞ն ի՞նչ կասես, պապաշա՞…

  1. Որ մշակես
  2. անձայն