Նոր ուշքի եկա, որ հիրավի, ծերունին ոչինչ չպիտի հասկացած լիներ ասածներիցս։ Ծիծաղս եկավ։
— Ոչինչ, ոչինչ…— ասացի,— ներիր, որ մի քիչ խրթին խոսեցի… ուզում էի ասել, թե մարդս ո՛նց կրթվի, ինչ մարդկանց հետ որ նստի-կանգնի, նրանց բնությունն էլ կստանա։
— Էդ մեկը ճիշտ ասացիր… Զավադը մեր ապականված գյուղաքաղաքումն է մեծացել, մեծ եղբայրն էլ այնքան խման-հարբանների հետ ունեցածը ծախսեց, որ ըտենց խարաբ էլավ, գնաց… Հմի էլ, հրե՜ն, գլոխվի օգնական ա. աչքովդ պիտի տեսնես, թե ոնց ա պլոկում գյուղացոց, ոնց ա գազանի պես փետը քաշում սրա-նրա վրա…
— Իսկ ձե՜ր ցեղը։
— Մեր մեջ էլ կան փսերը, ես խո մեր ցեղը չեմ գովում… Ա՜յ, մեկը հենց էդ Գալոն… Եղբայրս ա, բայց շնից փիսն ա… էսա տաս տարուց ավելի, մեզ հետ խռով ա, թե ի՞նչ,— Նրան չենք օգուտ տալիս… Ախր ո՞նց տամ. մի անգամ հիմարացա՝ փող պարտք արի, հինգ տարի քերթեց կաշիս… Բայց էլի մեր ցեղի մեջ մարդիկ կան, Սարոյենց ցեղը…
— Հա՜,— միջահատեցի ես,— լսել եմ. գյուղն երկու ցեղի է բաժանված և երկուսն էլ իրար վնասում են… Լավ չէ այդ, հայկական այդ աղտոտ հատկությունը զզվեցրեց։ Ախր ի՞նչ ունեք իրար հետ, մի՞թե չեք կարող հաշտ, գոնե առանց իրար վնասելու ապրել։
— Հը՜մ...— արեց նորից ծերունին,— երևում ա, որ նրանք արդեն իրանց կողմն են քաշել քեզ… բայց, տե՛ս, վարժապե՜տ, կփորձես՝ կտեսնաս նրանց հետ գործ որ բռնես՝ կփոշմանես… թե՜ նրանց հողը հող չի, թե մարդիկը՝ մարդիկ չեն։
— Լավ, լավ, թող բամբասանք… հավատացած կացիր, որ մեզ խաբել կամեցողը կզղջա։ Ես լավի հետ լավ եմ, վատի հետ կրկնապատիկ վատ։
— Ապրե՜ս, կարգն էլ հե՜նց էդ ա… բայց, քեզ համար եմ ասում, լավ կլինի, որ առվի է՜ն ղրաղի հողերն էլ մեկ տեսնես։
–Այդ թո՜ղ, ինձ այն ասա, թե ինչո՞ւ ձեր գյուղացիք այդքան խմում են և բոլորն էլ կարծես խոսքը մեկ են արել, որ մեզ միշտ խաբված պահեն… Մենք խո իրենց վնաս տալու չենք եկել… Քիչ առաջ, դուքանում երեցփոխն ուզեց գյուղի մասին մի քիչ ճիշտ բաներ ասի մեզ, քիչ մնաց կարտեին խեղճին։
Ծերունին գլուխը կախ մնաց մի րոպե, հետո նորից ինձ նայեց իր անբիր աչքերով, բռնեց ձեռքս, սեղմեց ու ասաց.
— Ա՜խ, քեզ մատաղ, պարոն եղբայր, ինչո՞ւ ես իզուր եկել չցաված