Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխդ ավետարանի տակ դնում… Ծեր ջահիլների հետ, աստված ազատի, գործդ լավ բռնիր հա՜… էլ առաջվան սերունդը չի՞ մնացել, ո՞չ… ղալբություն [1], սո՞ւտ, ինչ ասես՝ քաղաքիցը լցվել ա մեր կողմը… Ա՞խ, երկաթուղին, այդ անիծված մաշի՞նը բերեց բոլորը… Մեր ջահիլները քաղաք շա՛տ տեսան, շա՛տ… Լսիր քեզ ինչ կասեմ… Ես կույր եմ, չէ՛ լավ, որ ծարավ լինեմ և ուզենամ բուն աղբյուրը գտնել, թե ցույց տվող չլինի՝ կգտնե՞մ… Ո՛չ, ստիպված՝ պիտի կեղտոտ ջրիցը խմեմ… չեմ էլ տեսնում ախր, որ նա կեղտոտ ա… Խմում եմ, խմում՝ մինչև ծարավս կտրի… Դե՛, խմածս էլ ամենից շատ՝ կեղտ կլինի, որովհետև կեղտը միշտ ջրի երեսին ա կանգնում, միշտ ավելի շուտ ա մարդուս բերնին մոտենում… ըտենց էլ մեր հիմիկվան սերունդը, հենց որ քաղաք են ընկնում, ճանապարհը, աղբյուրի ճանապարհը ցույց տվող չկա—նրանք էլ ծարա՜վ, ինչ կեղտոտ ջուր ասե՛ս խմում են… Ա՛յ, հենց վրաները որ նայես, կհասկանաս։ Խո տե՞սել ես ինչպես են հագնվում․ իրանց հայրերը հլա փափախով, արխալուղով են, իրանք մեկ էլ տեսար բինջակ, կարտուզ, ճռճռան կոշիկ, ձեռքին փե՛տ, մատանի… ըտենց էլ ամեն բանը․ ինչ որ հայրերն են տալիս՝ չեն վերցնում․ ծարավ են՝ քաղաքի կեղտոտ ջրերիցն են խմում, էն անիծված տեղումը մեկ մարդ էլա չկա, որ մեր տղերանցը բռնի, տանի բուն աղբյուրի մաքուր ջրին…

— Այդ ձե՛ր, հայրերիդ պարտքն է, ինչո՞ւ չեք կրթում, նրանց լավ կողմը ուղղում։

— Հը՛մ… ուղղե՜լ, սովորեցնե՜լ… Տո՛ հիմիկվան աշխարհն այլ է, այլ. հիմիկվան որդիքը ոչ իրանց հորն են մարդատեղ դնում, ոչ էլ թողնում, որ նրանք մի խոսք ասեն։ Հրե՛ն, երեկ երեկո չէ՛՞ր, որ լսում էի, թե ինչպես եղբորս որդին իր հոր վրա գոռում էր թե՝ «ի՞նչ ես հաչում քյաֆթառ շան պես, ղարաչի կտրել գլխիս»…

Ի՞նչ առարկեի, չէ՞ որ ինքս էլ հաճախ տեսել էի, թե ինչպես որդին գոռում է հոր վրա, և հայրը խեղճ ու կրակ՝ արտասուքի էր դիմում, իրեն մխիթարելու համար։

— Բա՞ս— շարունակեց ծերունին,— էդպես են, է՛դպես… բայց այ, բան չեմ ասիլ, եթե որդիս արժանիք, ինձնից ավելի կատարելություն ունենա և ինձ հրամայի սուս կենալ… Ուրախ էլ կլինեմ։ Գլուխս նրա ոտի տակին կդնեմ․ բայց մեկ իմանամ է՜, որ նա ինձնից լավն ա, խելո՜ք, կատարյա՜լ… Աշխարհս էլ հենց առաջ չի երթալ, թե որդին՝ հոր վրա կատարյալ չլի… ըտենց չի՞։

— Այդպես է։

  1. խաբեություն