կասեցնում էր նրան։ Արդյոք արածը չէ՞ր կործանիլ, չէ՞ր ոչնչացնիլ ամբողջ ավազանը։
Բայց ո՛չ,— մտածեց նա,– ի՞նչ պիտի լինի։ Մի քանի ժամ բուռն հոսանք, հետո ամեն ինչ կվերջանա. հոսող վտակները էլի կլցնեին նրան։ Կփակեր նորից անցքը, ջրերը էլի մի անգամ կլցվեին և կսարսեր նրա պատերը նորանոր հուզմունքներից։ Իսկ ավազանը շատ լիքն էր. ինչ որ լիքն է, նա դատարկվելու էլ պատրաստ է։ Վաղուց նա արդեն կրծում էր իր հատակը և մի անցք փնտրում ժողոված խանդը դուրս տալու։
Պատերը կակղել էին. հեղուկը հոսել էր ուզում, կաշկանդված ուժը ազատություն էր փնտրում։ Կուզենար նա հոսել, հոսել, գգվելով ու ցողելով ամեն ինչ, ժպտելով արեգին, խնդալով կյանքին։
Պեղում էր Այիշան։ Ճչում էին սոխակները, ցնցվում վարդերը։
Ահա հուզվեցին ջրերը, ահա կազմվեց հորձանք, դողաց ավազանը, սարսեցին պատերը։ Լսվում էր մի խուլ մռմռոց, որ հետզհետե աղմուկի էր փոխվում։
Այիշան գունատվում էր. աղմուկի փոխվող մռմռոցը նրան վախ պատճառեց։ Ջրերի շարժումը, որ դղրդեցնում էր իր շրջանակը, պահ մի կասեցրեց նրան։ Նա կանգ առավ՝ ետ քաշվեց՝
… Բայց որքան հրաշալի կլիներ տեսարանը, եթե հոսանքը մեկենիմեկ դուրս ցայտեր։ Հսկայական մի շատրվան, որ հովհարաձև կտարածվեր դեպի առաջ, կթրջեր–կողողեր ամեն ինչ, և խուլ մռնչյունը դաշտը կթնդացներ։
Որքան սիրուն տեսարան կլիներ այդ։
Տեսնել, թե ինչպես ավազանի մեջտեղը գոգանում է, ջրերը միմյանց ծեծելով կենտրոնանում են մի շրջանի մեջ, արագությամբ պտույտ գործում, գնում են, վիժում, ոստոստում, ցայտում…
Եվ հուզվում էր նրա կուրծքը. բուռն ցանկությունը դողացնում նրան։ Պեղելու էլ պետք չկար. ջրերը միմյանց հրելով լայնացնում էին բացվածքը, պեղում ու վիժում։
Մի հարված ևս… և նա ետ ցատկեց։ ՚
Մի ահեղ մռնչյուն ու մի մեծ շատրվան այնքան արագությամբ հաջորդեցին միմյանց, որ կարող էին մի բերդ կործանել։
Դղրդում էին լեռներ, ողողվում էր դաշտը։ Հորձանք էր կազմվել, խաոսն էր սկսում, մի կաթիլ անգամ հանդարտ չէր մնում։ Ամենքը