Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան մի աննման վարդ կարծելով, պար էին բռնում նրա շուրջը, օդը լցնում իրենց բոցավառ սրտից բխած խանդոտ դայլայլով։

Ամեն ինչ խոնարհվում, հալվում էր Այիշայի գեղի առջև. բնությունը ողջ ապուշ կտրած արձանանում էր, երբ Այիշան նրա միջովն անցնում էր…

Այդպես էր նա, որ սիրում էր երբեմն դուրս գնալ, իր գեղի առջև խոնարհված սրտեր տեսնել և զվարճանալ։ Հաճախ միայնակ պտույտ էր գործում Շիրազի հովտում, թափանցում մինչև ամենախուլ անկյունը։

Եվ ահա մի օր դեմ առ դեմ եկավ ավազանին։ Կանգ առավ։ Զմայլելի ոչինչ չկար շատ, բայց որքան խոր էր նրա հատակը և արդյոք որքան հետաքրքիր կլիներ թափանցել նրա մեջ, տեսնել ջրակույտի մի առատ հոսանք։

Երկար ժամանակ էր, որ նա վառ ու բուռն հոսանքներ չէր տեսել։ Բայց նա սիրում էր այլ վառ գույներ, արտահայտություններ…

Տեսնել օրինակ մի կրակ, որ մի քանի րոպեի մեջ բուռն կերպով լափում է մի մեծ շենք։ Բոցը սուր լեզվակներ կազմած սուրում է դեսուդեն, վառվում են քարեր, փլում պատերը, հալվում, դղրդում է գետինը, փոշին ու կրակը խառն, փոթորիկի պես կործանում են ամեն ինչ և, ապա, մի րոպեից հետո… էլ ոչինչ։ Վերջանում է ամեն ինչ։ Կրակից մնում է միայն մի կույտ, որ թեև պլպլում է, թեև դեռ փայլում, բայց հանգիստ է, հոգնած և կիսամեռ… շուտով կմեռնի, այլևս ոչինչ հետաքրքիր բան չունի իր մեջ։

Գեղեցիկ հյուրին մտածում էր այդ բոլորը։ Ավազանի միակերպ ալիքներն էր դիտում. ձանձրալի դառավ հոսանքը, այդ միակերպ շարժումը։

Չփորձե՞լ արդյոք մի ծակ բանալ ներքևից, լայնացնել նրան, հետո թողնել, որ թումբը տակից մաշվի, փլչի. ջուրը հոսի, գետինը բռնչա, փրփրի, ցատկոտի, փոշու սենյակներ կազմի, անհամար շատրվաններ ձևացնի, ողողի ամեն ինչ, վշվշա, ոռնա, սուլի ու գոռա…

Որքան մեծ տեսարան կլիներ այդ։


* * *

Եվ փնտրեց նա մի անկյուն, ուր փուխր լիներ հողը։ Իջավ և փորեց։ Տենդային հուզումով պեղում էր նա։ Սոխակները զգալով կործանումը, ճչում էին, վարդի թփիկները արմատներով դողում։

Քանի փորում էր, այնքան հանդարտում էր նա։ Րոպեներ եղան, որ նա կանգ առավ։ Այն միտքը, որ գուցե հետևանքը վատ լիներ, երբեմն