Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի վեր կորսվել էր՝ խանութն իր վրա թողնելով. ողջ օրն էլ «բռի, անտաշ» գյուղացիների հետ ճղճղացել–աղմկել էր՝ մի քանի արշին չիթ ծախելու համար. և ի դժբախտություն ամենի, հարբելու, խմելու ո՛չ մի առիթ չէր ներկայացել։

Մարդը գինի էր խմում, իսկ այդ շաբաթ, թարսի նման, ո՛չ մի կաթիլ գինի չկար ո՛չ իրենց տանը, ո՛չ էլ խանութներում։ Զոռ պետք էր տալ «գիժ» օղիին։

Ու նստել էր նա «տամա» խաղացողների կողքին, մեջքը դեմ տվել պատին, կարճ փայտը ոտների մեջ, երազուն, հազիվ խաոնվում էր խոսակցությունների։ Ուշքն էլ—կատաղեցնողը հենց դա էր—դեպի գետեզրն էր, որտեղից նրա ականջին էին հասնում զուռնի և երգերի զվարթ ձայներ…

Իսկ եղանակը, որքա՜ն լավ էր այդ օրերը. գետինը չոր, երկինքը պա՜րզ, այգիները պճնված կանաչով, ծաղիկներով, դաշտերը ժպտուն… ամեն ինչ քեֆի հարմար, մարդու երգելը, պարելն ու վազվզելն էր գալիս։

Բանն այն էր, որ շաբաթից ի վեր, օգտվելով լավ եղանակներից, հայտնվել էին ցածի գյուղերիից 5—6 երիտասարդներ, այն անիծյալ կիրակոսենց ազգականները, ու ամե՛ն երեկո, նույնիսկ ցերեկը, զուռնաչի Համոյի աշակերտ Ղազարին հետներն առած, մարդ չի իմանում՝ որտեղից բոլ գինի գտած, նախ մի լավ կոնծում էին գետեզրի կանաչների մեջ, հետո զուռնան առաջներն արած, թափորով, երգերով անցնում էին փողոցներից և մինչև կեսգիշեր թնդացնում գյուղը։

Եվ ահա ա՛յդ իսկ «շան որդիները», առանց Ջավադի, առանց նրա մասնակցության, այդ օրը շա՛տ ավելի աղմկարար էին դարձել այնտեղ` Սուքիասենց այգիների տակը, գետեզրին նստած։ Կույր Մարտիրոսենց Արամի զիլ ու քաղցր ձայնն էլ խո՛… կատաղությունից տրաքեցնում էր կաղլիկին։

— Էդ ո՞րտեղ են քեֆ անում դրանք,— հարցրել էր նա գյուղացիներին։

— Գետի ղրաղումը, սուքիասենց բաղի տակը…

Հը՛մ, տո՛, բաս համբերելու բա՞ն էր։ Ինքն այնտեղ նստած, իսկ ուրիշները Սուքիասենց սիրուն հարսի առաջ բայաթիներ կլկլացնեն, և Ջավադն իր ձայնը լսեցնելու առիթ չգտնի «հրեղեն» Մարանին։

Չկարծեք, թե Ջավադը կին չուներ։ Ի՞նչու ոչ։ Մինչև իսկ երեք որդի, կինն էլ դաշտի գյուղերի մի լավ օջախից։ Բայց, դե՛հ, Սուքիասենց հարսին ո՞վ տեսներ, որ ջանը կրակ չընկներ, այն էլ Ջավադի պես