Մի քայլ առաջ նետվեց և առանց այլևայլության մտրակը շառաչեցնելով՝ ուժգնությամբ իջեցրեց երիտասարդի մեջքին։
— Շա՛ն տղա, քե՞զ ա մնացել խոսա՛լը… ըհը՛ քեզ…
Ւսկույն դրան հետևեցին աղաղակներ, հյուրը նետվեց դեպի քյոխվեն՝ բռունցքները բարձրացրած, մարդիկ խառնվեցին իրար, ու մի քանի րոպե ճիչ, աղմուկ, շարժում, հայհոյանք խլացրին ամեն այլ ձայն:
Այս անգամ վարժապետն ու հրեան վազեցին դեպի խառնուրդը, մինչև իսկ Արշակը թողեց խանութի շեմքը և մտավ կռվողների մեջ:
Երիտասարդ քարկողցին սաստիկ կատաղած՝ ճգնում էր իրեն բռնողներին և հորդորողներին դեն հրել և հասնել քյոխվին։ Իսկ սա, մեկե՛ն կարծես սթափված՝ ետ էր քաշվել և թույլ էր տալիս, որ եղբայրն ու այլ գյուղացիք նախ խլեին ձեռքից մտրակը, ապա հորդորանքով ու համոզելով տանեին մինչև իրենց խանութը, որովհետև Կիրակոսենց ցեղի մարդիկ վրդովված՝ ձայները բարձրացնում էին։
Քարկողցին կույր Մարտիրոսի ազգականներից էր. հետևապես բոլոր ներկա եղող Կիրակոսյանները պաշտպանության ելան։ Վարժապետի հայրը իր կանացի ձայնով սկսեց ճչալ, Գալոն կաչաղակային աղմուկը մեծացրեց, Հաբեթ աղայի որդին ջանաց կտրել Ջավադի դեմը, իսկ սա, թշվառ կաղլիկը, լրջորեն վախեցած՝ գոռում էր ու հայհոյում խտիր, առանց հասցեի…
Մինչ այդ, Խոլերան դուրս սպրդեց և տուն գնաց, ալյուրոտ Զաքեն, կարմրամազ Սմբատը և զուռնաչի Համոն միմյանց դեմ եկած՝ բարձրաձայն գոռում էին, որ քյոխվան անիրավ էր, որ նա իրավունք չուներ խփելու, իսկ մի երկարահասակ ծերունի՝ Ոսկանենց Հարությունը, իր խրոխտ ձայնով կանչում էր, թե այդպես էլ պետք էր և թե չպետք էր թողնել, որ զանազան «լոթի-փոթիներ» գային գյուղի մեջ աղմուկ հանելու, հնազանդությունը վերացնելու օրինակը տալու…
Վարժապետն էլ խոսում էր, բայց նրա ձայնը չէր լսվում ժխորի և աղմուկի մեջ։ Հրեան լուռ էր, ըստ երևույթին սովո՛ր այդպիսի տեսարանների։
Արբած տանուտերին հաջողել էին վերջապես իր խանութի առաջը հասցնել, ուր նա, նստարանի վրա ընկած, դեռ կոտրվել չէր կամենում, շարունակում էր հայհոյել, պնդել, որ քիչ էր տված ծեծը և որ դեռ մտադիր էր բոլորին էլ իր «ղամչու համը ցույց տալ»…
— Շան թուլանե՛ր….— ասում էր նա,— մագամ անտե՞ր ա էս գեղը, որ դո՛ւք գաք ու լոթության տաք ձեզ… մագամ ես մեռե՞լ եմ…իշի լակոտնե՛ր, ըտե՛նց հա… հմի գնացեք ու տեսնանք ո՞նց եք քեֆ անում…