Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Համենայն դեպս, կարմրամազ Սմբատը շատ վախեցավ: Ոչ ոք չկարողացավ ենթադրություն անել, թե նա՞ ինչ գործ ուներ այդ խնդրում և թե նրա՞ն ինչու պրիստավը կանչել էր։

Մյուս օրն առավոտյան մի կառք լծեցին, Գալոյի որդի Արշակն էլ, որ ապրանք ուներ առնելու, ելավ իբր կառավար, և երեքն էլ գյուղաքաղաք գնացին։

Գյուղացիք այդ ամողջ օրը մինչև երեկո հուզված էին և տենդային անհամբերությամբ սպասում էին գնացողների վերադարձին։

Երեկոյան դեմ հանկարծ գյուղի վերևից լսվեցին երգերի և զվարթ կանչերի ձայներ, հետո մի կառք դղրդյունով իջավ և հրապարակ մտավ:

Ի՜նչ մուտք։ Բոլորը հարբել էին։ Բոլորն եմ ասում, որովհետև գյուղաքաղաքում որքան դուզանցիներ կային, նախ մի գինետուն մտել, լավ կոնծել էին, լցվել կառքը, ճանապարհին կանչվըռտել և այժմ ահա ահագին աղմուկներով գյուղ էին մտնում։

Պետք էր ենթադրել, որ հաղթական էր նրանց մուտքը։ Հիրավի, ամենից առաջ վար ցատկողներն էին Սմբատն ու վարժապետը։ Սա այնքա՛ն լավ կոնծել էր, որ հազիվ կարողացավ հավասարակշռությունը պահպանելով՝ հասնել Գալոյի խանութի առաջ և ընկնել նստարանի վրա։

- Կը չորտու…- գոչում էր նա,— պրծա՜վ… Թորոսի բանը պրծավ… պա՛շոլ վոն, մերզավեց…[1] պրիստավն ասաց, հլա քիչ մնաց,

որ մի լա՛վ դնքսեր…

Սպասող գյուղացիք խռնվեցին շուրջը։

- Հը՛մ…- դեմքը կնճռեց Ջավադը։

- Հը՞…- հարցրին վարժապետին գյուղացիք,- պատմի՛ր, ո՞նց էլավ… ինչի՞ էր կանչել…

- Ֆիդա՞ն… ո՞նց, տո՛…- թոթովեց վարժապետը,- մեզ ֆիդան էր ասել… ըտե՜նց հա…

Թորոսը պրծա՜վ· պրիստավը նրան «պաշո՜լ վոն» արեց…

- Հլա, մեկ պատմիր,- ստիպեց նրան Գալոն։

- Քյոխվությունից քցեց…- շարունակեց վարժապետը,- հրամայեց ցեպը տիրոջը տալ, Կարապետին… ըտենց հա՜…

- Տո դրո՞ւստ…-կանչեցին գյուղացիք,— բաս քյոխվությունից ընկա՞վ Թորոսը… ա՛յ արել ա հա՜…

- Ընկա՛վ, ընկա՛վ,- ժպտաց վարժապետը։— Գինին դես բերե՛ք, տղերք… Պրիստավը՝ թե «Դո՛ւ, վարժապետ, խռովություն ես քցում»…

  1. կորիր դուրս, անպիտան