«Ո՛չ, ձերդ ազնվություն, ասում եմ, սո՛ւտ ա, Թորոսն էր հարբել ու հասնողին ծեծում էր»… քյոխվեն թե՝ «սո՛ւտ ա, ես հարբած չէի»։
«Ձերդ ազնվություն,- ասում եմ,- հերս հենց հիմի էլ հարբած ա եկել ձեզ մոտ»… պրիստավը աչքերը ոլորեց, մոտ գնաց քյոխվին, արաղի հոտը որ չառա՜վ… «պա՜շոլ վոն, մե՛րզավեց» արավ ու հրամայեց, որ ցեպը կարապետին տա… դուրս եկեք, Խզոյի դուքանումը մի լավ քեֆ էլ արիք ու… տոգինի դեսը բերեք է՜ է՜…
ՍՏԱՐՇԻՆԱ[1]
1
Ընդոստ վեր թռա։
Ա՜խ, այդ կաչաղակ տանտերս։ Դարձյա՛լ նա էր։ Ամեն առավոտ այդպես զարթնեցնում էր ինձ, հանգի՛ստ չէր տալիս։ Ճչում էր թոքերի ամբողջ ուժով, գոռում էր ծառայի, գոռում նո՛ւյնիսկ անցորդների վրա։
Անշուշտ, ժամը հինգն էր։
-Ադա մուկո՛ւշ, թաղե՜մ գլուխդ, էդ ո՞ւր ես բաղչի դուռը բաց թողել․ էծերը պատրուսնին կերան է՜ է՜… փի՛ե, տո դո՛ս քշի, հարամ կերած… էդ ո՞ւր ես առտեհան՝ բողկերը դուս տալիս, վարդան․ գնա՛ կորի տուն, հլա մեկ չայդ խմի… հա՛րսի, Սաթենի՛կ, եկեք էս լակոտին տարեք է՜ է՜…
Եվ այսպես, աչքից ո՛չ ոքի չէր վրիպեցնում։ Մե՛կ իր ծառային, մե՛կ հարսին․ նո՛ւյնիսկ բակի շների վրա էլ ճչում էր, հավերի վրա զայրանում։
Հազա՛ր ասա դու․ սովորություն էր․ առանց դրան չէր կարող։ Ո՛չ առանց գոռգոռալու, ո՛չ էլ առանց առավոտ շուտով իր բաժին երեք «րյումկա» արաղը կոնծելու
Անկողիս մեջ շուռումուռ գալով՝ ստիպված էի լսել այդ բոլորը և դիմանալ։
Արդյոք ի՞նչպիսի եղանակ էր դրսում։ Նո՞ւյնը՝ մի շաբաթից ի վեր
- ↑ շրջանակ գյուղապետ, շահապ