անընդհատ մաղող անձրև, թացություն, մշո՜ւշ… երկինքն էլ կապար, ճչո՜ղ…
-Վա՛յ ես քո հաց տվողին, Մուկո՛ւչ, կանգնել ես էշի պես, որ ի՜նչ… կորի ձիանոնքը տար ջրի… էն խոտն էլ շուռումուռ տուր, բալքի արև չորացնի…
Արև՞, իրա՞վ էր այդ։
Երկու րոպեյի մեջ վեր թռա, լուսամուտների փեղկերը բացի, հետո հագնվեցի և դուրս նետվեցի սենյակից։
Դժվա՛ր էր պատահում պայծառ արևով ողողված օր, անամպ երկինք տեսնել Դուզանկում։ Բայց հազիվ պատշգամբ ելա, որ սքանչացման աղաղակ դուրս թռավ բերնիցս։
Արև էր․ զվարթ, ժպտուն արև, որ ջերմ ճառագայթներով ողողել էր ամեն ինչ։
Պարտեզ, դաշտ ու անտառ փողփողվում էին․ ո՛չ մի ամպի կտորմշուշն իսկ, որ անբաժան ճնշում էր միշտ դիմացի մայրի անտառը, այժմ գլորվում էր դեպի կատարներին ու այնտեղից հալվում անհետանում։
Որքա՜ն շքեղ էր։ Դիմացս՝ պարտեզների շարքը, ապա՝ գետակն ու դեպի վեր պարզվող ծաղկալից դաշտը, ուր յուրաքանչյուր բույս ցողաթաթաղ սառսռում էր, ուր սիզավետ մարդերը պսպղում էին հաճույքով, և նրանց մեջ կայտում էին այծեր, արածում՝ կովեր ու ոչխարներ։
Հեռո՜ւն, մշուշի տակից պարզվում, երևան էին գալիս դալարգեզ լեռներ ու անտառները․ երկնքի պարզ ծորքի վրա շեշտվում էին ծառախմբերով պատած գագաթներ…
իսկ թռչուննե՜րը… որքան բա՜րձր, որգան գեղգե՜ղ երգում էին ամեն կողմից, ոստոստում բարդիների կատարներին, խմբային խաղեր սարքում, համերգներ կազմում և ճիչ ու դայլայլով սավառնում դեպի կանաչ բլուրները…
Մեղուներն էլ դուրս նետված փեթակներից, զվարթ բզզոցով կույտ առ կույտ սլանում էին ամեն ուղղությամբ։ Գլխավոր բերքի այդ օրերին նրանք ստիպված էին մի շաբաթ փակված մնալ և ահա այժմ աճապարում էին խորիսխները լցնել։ Այլեվս ծաղկեփոշի չէին բերում, այլ միմիայն մեղր՝ այն բազմազան ծաղիկներից, որոնք ամեն կողմից գլուխ էին դուրս պարզել՝ ժպտալու արևին, հրճվելու նրա տված ջերմությունով։
Գյուղն ամբողջ կենդանացել էր․ նա մեռած, գերեզմանի էր նման անձրևալից օրերում։ Հողը արագ չորանում էր այժմ, շոգի արձակում