Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լվացվել ցատկռտող ջրվեժի փրփուրներով և հետո անցնել-մտնել ծաղիկների տակ ու ննջել ստվերներում…

Արու դեղձանիկը, որ կծկված իր տեղում, լսում էր լեռնական ճնճղուկի բանաստեղծական ոգևորությունը, ասաց հեգնորեն.

— Իսկ եթե հանկարծ ուրուրը պնդե ետևիցդ, և դու սոսկումը կրծքումդ, խելքդ կորցրած, ընկնես ամեն կողմ և պահվելու տեղ չգտնե՜ս…

— Երևի վանդակի մեջ շատ մնալով՝ կորցրել եք տեսողությունը,— գոչեց ճնճղուկը,— մի՞թե աչք չունեք տեսնելու, որ թշնամին հեռվից գալիս է. մժղուկ խո չէ՞, որ չնկատվի, հրեշային մեծությամբ մի բան է… Տեսար թե չէ, կծիկդ ծալիր և լեռներդ քաշվիր. քի՞չ թաքստոցի տեղ կա ամեն կողմ, ամեն ծառի խոռոչի մեջ, ամեն ժայռի խորքում։ Մի րոպե– և վտանգն անցել է. այնուհետև դուրս կգաս, մի լավ կծիծաղես և կսկսես ուտել, պարել, ազատ օդ ծծել ու ճախրել…

— Այո, այդ բոլորը լավ,— խոսեց նորից հոռետես արուն,— միայն մոռանում ես, ռամի՛կ կարճամիտ, որ կարող են արտերը քաղված լինել և դու օրերով տաք արևի տակ կթափառես՝ առանց ոչինչ գտնելու, ծարավից կպապակվես՝ առանց ջուր տեսնելու…

— Օ՜հ, ձերդ ազնվություն,— ծաղրեց ռամիկ ճնճղուկը,— չէի՞ք կամենա, որ այդպես ժամանակ ռամիկներս գնայինք և մարդկանց դիզած կալերից ձեզ համար հացահատիկներ բերեինք և հազարավոր աղբյուրներից էլ ջուր…


* * *

… Եվ էգ դեղձանիկը, որ մինչև այդ ժամանակ անհոգությամբ լսում էր, հանկարծ մի ոստյունով դուրս թռավ վանդակից ու նստեց ճնճղուկի կողքին։

Ինչպե՜ս բաբախում էր սիրտը, ինչպե՜ս դողում էր նա։

— Օ՜, օ՜…— գոչեց ներսից սարսափած արուն։ ճնճղուկն էլ մի վայրկյան խոսել չկարողացավ։

— Թշվա՜ռ,— աղաղակեց արուն իր ընկերոջը,— այդ ի՞նչ արիր, շո՛ւտ, նե՛րս եկ, քանի կատուն չի հասել։

Էգը բնազդմամբ կծկվեց, շուրջը նայեց և կպավ ճնճղուկին։

— Մի՛ վախենա, տիկին,— ծիծաղեց ճնճղուկը,— կատուն այստեղ չի հասնի, և հասնի էլ, ի՞նչ կարող է անել։

— Ինչպե՞ս թե ինչ…

— Այո՛, բավական է քիչ զգույշ լինել և շրջահայաց. տեսար կատվին,