Ասացի անունս և ազգանունս։
-Հմի հրամանոցդ պաշպո՞րտը… Ամսիս 5-իցն ուսիլնիխրեն[1]-ուեզդը…[2] ընտենց չի՞, պիսե՛ր…
-Հրամանք ես, ստարշինա՛,- շտապեց ասել գրագիրը,– անցյալ ամսի 5-իցն ասիլեննայա ախրանա ա գուբերնին[3] ողջ… առանց պաշպորտի մարդ չպիտի երեք օրից ավելի մնա… չունեցողին էտապով կղրկեն ուեզդնի նաչալնիկի[4] մոտ…
-Որ ասո՜ւմ եմ… նեղություն կրի պաշպորտդ ցույց տալ…
-Բայց չէ՞ որ,- ասացի,– երրորդ ամիսն է այստեղ եմ. ինչո՞ւ մինչև այժմ չէիք հետաքրքրվել։
-Մենք մեր բանը լավ գիտենք, պարո՛ն,– պատասխանեց հպարտությամբ ստարշինան,– պարտավոր էլ չենք ամեն հարցմունքի շուղաբ տալ… Մերն էն ա, երբ ուզենանք՝ հրամայենք ու պիտի կատարվի…
-Համ էլ էդ քյո՛խվի պարտքն էր,– մեջ մտավ գրագիրը:
Գյուղացիք այժմ թողել էին աղբյուրը և շրջադեմ, զգալով, որ «պաշտոնական գործողություններ» էին սկսում, մոտեցել ու շրջապատել էին մեզ։
-Հա բա՞ս…— արեց ստարշինան՝ քյոխվին դառնալով,— քեզ պրեգպիսանիեն[5] եկել ա խո, էլ ո՞ւր ես առանց պաշտպորտի մարդ թողնում գյուղումը… դու մագամ գիտե՞ս ոչ, որ հմի ուսին-խրեն ա…
-Ուսիլեննայա ախրանա…— ուղղեց գրագիրը։
Գզիրը մի բան մռթմռթաց քթի տակից, հետո, կամենալով պատժել իր այդ հանդգնությունը՝ իսկույն բերանը ծածկեց երկար ցուպովը: Քյոխվեն շփոթվեց, ժպտաց ու ասաց.
-Դե էս մարդը խո փախստական չի՞, տնով-տեղով ըստեղ ա…
-Միևնույն ա, - արեց խստությամբ ստարշինան,— ուսիլիխրենը ֆիդանների համար էլ ա… Մենք չե՛նք ուզում, որ մեր վոլստի մեջ ըտենց մարդիկ ըլին…
Ապա դարձավ ինձ ու կրկնեց…
-Հրամանքդ նեղություն կրիր պաշտպորտդ…