Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լավ,— ասացի ես,— տանն է. եթե կուզեք՝ գնանք քիչ նախաճաշ անենք, և ցույց կտամ։

— Զակուսկի[1]…— փայլեց ստարշինի դեմքը,— հա տո՜, անիծվի՛ մեր էս պաշտոնն էլ. էնքան գործ կա, որ մարդ մոռանում ա, թե քաղցած ա… ընչի չէ՛, գնանք… թե գինի կունենաս ո՜ւ…

— Ունեմ։

— Բաս լավ… Ասում ես պաշտպորտ էլ ունես էլի… Հը՞…

— Կա։

— Էդ լավ… Որ ըտենց ա, պարո՜ն, շուտ գանգատդ ասա, թող գրի պիսերն ու գնանք փորներս պնդացնենք քիչ։

—Ես գանգատ չունեմ… եթե գյուղացիք մինչև 15 օր ևս չեն շինի ավազանը, այն ժամանակ աղբյուրը կքանդեմ, ջուրն էլ առվակ կշինեմ—կերթա։

— Հլա կա՜ց մեկ,— ճչաց Խոլերան,— էդ ո՜նց թե կքանդես, բաս մեզ առանց յուրի՞ կթողաս։

— Եթե մաքուր ջուր եք ուզում, ավազանը շինեք։

— Կացե՜ք հլա…– մեջ մտավ ստարշինան։ Հետո ոտքի ելավ, ինձ դարձավ ու ավելացրեց…

— Էս սպորը զակուսկոլ վրա լավ կդրստվի… գնա՜նք, տղե՜րք… ի՞նչ ա, բոլորի՞ն ես ղոնաղ անում, պ. Երվանդ։

— Ինչո՞ւ չէ. համեցեք բոլորդ էլ։

— Ջոմարդ մարդ ա, ևս ու իմ աստոծը,— ասաց ստարշինան քայլելիս՝ գյուղացոց։— Հը՞, ի՞նչ ա, խամ քաղաքացի՞ք եք գտել, որ վրա եք տալիս… Սա մեզանից լավ ա հասկանում զակոնը… Զակոնով պիտի։ վարվե՞նք թե ոչ… Թողե՜ք, ճաշի վրա կվերջացնենք… Մարդը պաշպորտ, ունի, ֆիդա՜ն չի, քաղաքավարի ինսան աչ Գնա՜նք, պ. Երվանդ, դու քեֆդ քյոք պահի, մենք շենք թողալ, որ գեղացի՜ք գլխիդ նստեն…

Քայլեցինք դեպի դուռը։ Անմիջապես, զակուսկի անունից կակղացած ստարշինան թողեց ինձ առաջ անցնելու, հետո, մինչև պարտեզից դուրս գնալը՝ գովեց ծառերը, գյուղացոց դարձած՝ շեշտեց, որ նրանք շնորհակալ պիտի լինեն ինձ պես մարդ իրենց մեջ գտնվելու համար, որ ևս ջոմարդ մարդ եմ երևում և, որ, վերջապես գիտեմ «պատիվս պատվավորաց և հարգս հարգավորաց» տալը…

Այս բոլոր միտումնավոր ակնարկներով լի գովեստները նա անում էր հանդիսավոր, աչքերը անընդհատ կկոցելով, իսկ գրագիրը, որ թուղթը գրպանն էր կոխել, այժմ գլուխը կախ՝ գալիս էր նրա հետևից։

  1. նախաճաշ