Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխը կջարդեմ… Գնա՛նք, պ. Երվա՛նդ, գնանք մեկ ծառերդ տեսնենք. ասում են՝ լավն են…

Բոլորս դուրս ելանք, իսկ ստարշինան հուսալից, որ գրագրի չարածը ինքը կհաջողեցներ, ինձ հետ պարտեզ իջավ:

Վիճակված էր. այդ օրը ստարշինան կաշառք չպիտի ուտեր, որովհետև հազիվ մտել էինք պարտեզ, որ Սիսակը վազելով եավ հայտնելու, թե քաղաքից երկու հյուր էին եկել ինձ մոտ։

Երկու ծանոթներ, որոնք, օգտվելով մի քանի օրվա տոներից, եկել էին գյուղ՝ ջղերը հանգստացնելու, գուցե և իմ նոր կյանքը տեսնելու։

Ստարշինան ստիպվեց գործը մի ուրիշ օրվա թողնել և հեռանալ։

Հյուրերս իջան և երբ հանգստացել էին, երեկոյան դեմ պարտեզ տարա նրանց։ Մեղվի փեթակներ մոտից երբե՛ք չէին տեսել։ Սիսակի հետ միասին բացինք մեկը, ցույց տվի ամեն ինչ։

Հետո, երբ պարտեզի ներքևում կանգ առած, մայրի անտառն էինք դիտում, և ծառան մի քանի քայլ հեռու սպասում էր, հանկարծ նա մոտ եկավ, կպավ թևիս ու ասաց երկչոտ.

— Աղա–ախպե՜ր…

— Ի՞նչ կա, Սիսա՛կ։

— Մեկ գետի ղրաղը դուրս գնա՜նք…

— Ինչո՞ւ, ի՞նչ կա։

— Ընենց… Մեկ բան պիտի ցույց տամ ձեզ։

Այնքա՜ն աղաչանք էր գրված այդ խղճուկ դեմքի վրա, որ բոլորս էլ հետևեցինք նրան և գետափն ելանք:

Այդտեղ նա մեզ տարավ դեպի աջ, և երբ հասել էինք գետակի մեջ հոսող առվակին, ցույց տվավ նրա մյուս կողմը գտնվող մի այգի և ասաց հուզված, լացի ձայնով.

— Դուք ու ձեր աստվա՜ծը, աղա-ախպերնե՛ր, մեկ գնացեք մտեք էս բաղը, մեկ լավ մտիկ արեք, թե ինչքան աշխատանք էր պետք, էն էլ մի հոգու՝ մինակ մարդու աշխատանք, որ չոլից ըտենց բաղ շինվեր։

— Ո՞ւմ պարտեզն է այդ,— հարցրեց հյուրերիցս մեկը։

— Գնացեք՝ թե խիղճ ունեք,— շարունակեց Սիսակը ավելի ու ավելի հուզված,— առաջ մեկ տեսեք ու երբ գաք՝ ամե՛նը կպատմեմ։

Ես հասկացել էի։ Իրավ է, երբեք առիթ չէի ունեցել տեսնելու այրին, բայց լսել էի, որ այդտեղ էր նրա աներոջ այն հողը, որ շնորհիվ Սիսակի հսկայական և անդուլ ջանքերի, ճահիճից փոխվել էր պարտեզի։