— Բայց չէ՞ որ կարող են մեզ ներս չթողնել,— առարկեցի ես նրան։
— Կթողան… հրե՛ն, տերն էլ մեջն ա… Մեկ գնացեք հենց էդ պառավիցը հարցրեք, թե ո՞վ ա էդ ծառերը տնկել, մեշիցը շալակով ցախ բերել ու չափառը քաշել, բաղի դովրը փոսը փորել… հարցրեք, թե ի՞նչ էր առաջ էդ բաղատեղը, ո՞վ ա չորացրել, ո՞վ ա պատրուսնին արել, էդ կարտոֆելը, էդ մարգերը… Հարցրեք, թե ո՞վ ա, որ գիշեր-ցերեկ, ողջ մեկ տարի փորել ա, չորացրել, տնկել, մաքրել ու հենց որ չոլիցը բաղ ա դարձրել, վզակոթին տվել են ու շան պես դուս քցել… հմի էլ ուզում են ըտենց, նամարդի պես քշել գեղիցը ու աշխատանքը վայելել…
Հուզմունքը շատանում էր, սկսել էր լալ գրեթե, ձայնը դողում էր շրթունքների հետ։
— Գնացե՛ք,— շարունակեց նա,— ես ըստեղ կուչ կգամ էս քարերի մեջ… ձեր դատաստանին կթողամ, թե կասեք՝ «Սիսա՛կ, ձենդ կտրի, իրավունքը քոնը չի», գլուխս դեմ կտամ, որ խփեն… Սկի աջալա[1] չանեք, աղա՝-ախպերներ, մեկ լավ տեսեք, մեկ լավ հարցրեք…
Հյուրերս զարմացած էին և ինձ էին նայում հարցական դեմքով։ Ակնարկեցի սպասելու, հետո, երբ հիրավի, Սիսակը կկղեց քարերի մեջ ու նստեց, հրավիրեցի նրանց հետևելու ինձ։
Սաստիկ խղճում էի հարստահարված երիտասարդին, և, քանի որ իր դատը նա մեզ էր հանձնում, մտածեցի չմերժել։ Բացի դրանից, իմ մեջ ևս կուտակվում էր զայրույթ ա՛յն մարդու դեմ, որ մի ամբողջ տարի խաբելով, տնփեսա շինելու հույսեր տալով՝ շահագործել էր որբին և այժմ, երբ ճահիճը մի շքեղ, արդյունաշահ պարտեզ էր դարձել, այժմ վռնդում էր նրան, և մինչև իսկ կաշառքի ուժով դրդում ստարշինային՝ դյուզից էլ քշելու։
— Գնա՛նք,— ասացի հյուրերիս,— հետաքրքիր բան է։
Եվ առվակը չանցած, բավական մանրամասն պատմեցի նրանց եղելությունը։
— Տո գնանք է՛ մեկ,— գոչեց Գևորգը (հյուրերիցս մեկը),— գնանք այդ անպիտան ծերուկի մորուքը թափ տանք քիչ։
— Արժեր դրան մի լավ դնքսել,— ավելացրեց Հակոբը (մյուս հյուրս).— չէի կարող երևակայել ա՛յդ աստիճանի հարստահարություն գյուղում։
— Սա դեռ մեկ երևո՛ւյթ է. գյուղում տեղի ունեցող հարստահարությունն այնպիսի մեծ չափերով է լինում, որ գյուղացին ցանցի մեջ բռնված՝ ծծվում է ու չորանում…
- ↑ չշտապեք