- Յա թե չէ գնա բռնի խեղդի…— կանչեց կատաղությամբ Հակոբը։
- Թե ի՞նչ…… գլուխը շարժեց Սիսակը,— դրանով աղջիկը կտա՞ն, հողս կտա՞ն… Չէ՛, աղա-ախպերներ, ես կորած մարդ եմ, ես սկի մարդ էլ չեմ… ոչ ոք չունեմ, ամենքը զուլում են անում ինձ, ամենքը նրա կողմն են, հարուստ մարդ ա, իրանց գեղացին ա… Ստարշինա՛ն էլ, քյո՛խվան էլ, պրիստա՛վն էլ… Աղջի՛կն էլ. աղջիկը հոր կողմն ա… առանց հոր իրավունքի՝ երեսիս նայել չի ուզում… Ախր ես ո՞վ եմ, տո՞ւն ունեմ, ծնո՞ղք, ազգակա՞ն ունեմ, թե՞ փող, որ սրան-նրան խնդրեմ, որին ուղեմ քշել տամ, պատմել տամ… Իմը լացն ա. ամա հմի լացի վրա՛ էլ են ծիծաղում…
Ասաց, նստեց գարձյալ քարերի վրա և ձեռքերով գլուխը ծածկեց։
Մթնշաղի, վերահաս գիշերվա մեջ, երկա՜ր նրա սև կույտը հեռվից երևում էր խոխոջող գետափին՝ անշարժ ու հուզիչ…
Այդ առավոտ շո՛ւտ էի զարթնել։
Արևը նոր էր ծագել. սահուն և կտոր-կտոր ամպերը հաճախ ստվերում էին նրա ճառագայթները. շրջակա անտառոտ լեռներն ամբողջովին դեռ պատած էր թանձր մշուշով. աշնանային խոնավ, անձրևոտ այդ օրերը ցեխ էին շինել, թացության մեջ ծածկել շրջակայքը…
Երբ դուրս ելա, դռան առաջ տանտերս հանդիպեց։ Սայլի վրա երկու չութ բարձել, որդու հետ մոտակա արտն էր ուզում գնալ աշնանացան անելու։
Առաջարկեց ընկերանալ։ Սայլը ելա, սերմացուի տոպրակը նստարան շինեցի և մի այլ երիտասարդի հետ, որ գալիս էր օգնելու, գյուղից դուրս գնացինք։
Մոտ էր արտը. թաց էր, բայց շատ ցեխ չէր. հարմար էր չթելու և ցանելու։ Հարմար էլ չլիներ՝ ժամանակն էր։
Եվ երբ հասել էինք, իսկույն գործի ձեռնարկեցին։
Լծեցին արտի կիսից. տանտերս ցած գլորեց ցորենի տոպրակը, մի մեծ սպիտակ գոգնոց կապեց ուսից, խնդրեց իմ օգնությունը և մի փթաչափ սերմ հավաքելուց հետո ոտքի ելավ։