Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կասի բաս, ինչո՞ւ չասի,— ժպտաց դառնությամբ սերմնացանը,— նրա շա՞տ մեկ վեջն ա, որ արտը ոչինչ չտա։ Ուրիշների հոգին թող դուրս գա. նրա՞ն ինչ. ինքն ու տղեն խո սովորել են ուրիշների տունը քանդելով հարստանալ…

— Հա՛, ասում են վաշխառու է, տոկոսով…

— Հըմ, տոկո՞սը որն ա… տոկոսն էլի բան ա. ուղղակի խաբեությունով… Անցյալ օրերը չէ՞ր, որ բողազիցս բռնեց ու 20 մանեթի տեղ 10 սայլ խոտը խլեց ձեռքիցս… է՛հ, ուժն էլ նրա կողմն է, իրավունքն էլ…

— Էդ նրանից է,— ասացի ես,— որ դուք ձեր իրավունքները պաշտպանել չգիտեք. ոչխա՛ր եք, ոչխա՛ր… խուզում են ձեզ լավ…

— Չեն խուզում, ո՛ւտում են գայլերի պես… Աշխարհումս մարդիկ երկու են լինում՝ գայլ ու ոչխար, դե՛հ, իհարկե գայլը ոչխարին կուտի։

— Դուք էլ ոչխար մի՛ լինիք. մարդուս իրա՛ն ձեռքն է այդ…

— Հա՛… — արեց նա մտախո՛հ,— իրավ է, մարդուս իրա՛ն ձեռքն է՝ ինչ անասունի ասես՝ նմանվելը… մարդ կա, որ օձ է, մարդ՝ որ խոզ, մարդ էլ կա՝ ոչխար է…

— Ոչխարը ուրեմն որ ուզենա, գա՞յլ էլ կդառնա:

— Կդառնա, ինչո՞ւ չէ։

Հետո ոտքի ելավ ու քայլեց դեպի ցորենի տոպրակը։ Հետը գնացի, ուզում էի տուն վերադառնալ։

Եվ երբ չոքել՝ լցնում էր, ասաց.

— Սպասի՛ր, քեզ մի բան պատմեմ, պարո՛ն… Ուզում ես գնա՞լ

— Չէ, պատմի՛ր։

— Մեկ պապիրոս էլ ծխիր, մինչև ես պատմեմ… Հա՛, էն էի ասում… Մեր գյուղումը, սրանից տարիներ առաջ, մի խեղճ մարդ կար, Հարութ էր անունը։ Մեզ պես ցանում էր, հնձում, գիժ ցորեն ուտում – հիվանդանում. և քա՛նի ընտանիքը մի կողմից ավելանում էր, այնքա՛ն նրա արդյունքը պակասում էր, անձրևը կալը փչացնում, հիվանդությունը և խոտի պակասությունը տավարը ոչնչացնում… քիչ էր մնում ամեն բան թողնի ու գլուխն առնի կորչի… Մի օր էլ, երբ այսպես, դառն մտածություններով լի, եկել էր աշնանացանի, հազար անգամ օրն ու հողը, անձրևն ու իր ցանքն անիծելով՝ կռացել սերմացվի տոպրակի վրա՝ ցորեն էր լցնում գոգնոցը, ի՞նչ տեսնի լավ է… հանկարծ տեսավ, որ տոպրակիցը մի սատանա դուրս թռավ ու առաջը նստեց…

Ի՞նչ ասել կուզի, որ Հարութը խիստ վախեցավ, գոգնոցի միջինը վեր ածեց և ուզեց փախչել։