Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ապա ի՞նչ անենք։
-Ձեր հողերը ցորենի հող չէ. անձրևները, հողը վա՜տ…
-Հա՜ . լավ խոտի, վարսակի հող է։
-Եվ կաղամբի, գետնախնձորի։
-Ճիշտ է։
-Դուք էլ ուրեմն միայն վարսակ, կաղամբ ու գետնախնձոր ցանեք։
Երեսիս նայեց ժպտուն ու ցանելով անցավ։ Երբ քիչ հեռացել էր առանց դառնալու՝ ասաց.
-Լավ ես ասում, բաս դա՞րման։
-Դա՞րման, ուրեմն միայն դրա համա՞ր ցանել։
-Ապա ի՞նչպես, -ասաց նա։
Չթվորներից մեկը, որ մոտեցել էր և չութը շուռ տված՝ երկաթի ցեխն էր մաքրում, միջամտեց.
-Որ դարման չլինի, -ասաց նա, -տավարը խոտով չի ապրի։
Այլևս ոչ ոք չխոսեց։
Արևին այդ միջոցին հաջողվել էր քիչ ցանուցրիվ տալ մշուշը։ Այժմ էլ վարվող հողիցն էր գոլորշի ելնում և գետնի երեսը քարշ գալով գնում: Գյուղից լսվում էին ավելի և ավելի ձայներ, երևում են սայլավորներ, տավարներ։ Մի ինչ-որ, գոմեշներ լծած սայլ էլ, լեռներից էր իջնում։
-Ունանենց քոչն է, -դիտեց տանտիրոջս որդին, -սարից են իջնում։
-Պիտի գան, բա՞ս,— ասաց երկրորդ չթվորը հանդեպից անցնելով, -անձրևները օ՞ր են տալիս որ։
-Ադա ո՞ւր եք կանգնել, քշեք է , -ձայնեց հեռվից սերմնացանը, -ես էս ա պրծնում եմ մեկ կողմը։
Ու կաղնիկաղ մոտենում էր։ Գոգնոցի սերմը պրծել էր, բայց, նախքան նորից լցնելը, նստեց ինձ մոտ՝ քիչ հանգստանալու, մի պապիրոս շինեց, վառեց ու ասաց.
-Է՞հ, հի՞մար բան է, մարդ ափսոսում էլ է այսքան աշխատանքը է
-Ինչո՞ւ, -մխիթարեցի ես, -ասում են, որ աշնանացանը գիժ ցորեն չի տալիս։
-Ճշմարիտ է. բայց տված ցորենն էլ մի բան չի… է՛հ, ապրուստ խո չի մերը, դժոխք է, դժո՛խք… Տանում ես, տանջվում և՝ ոչի՛նչ։ Տո՜թ, մկնե՜ր… գետնախնձորն էլ, հրե՛ն, կեսից ավելին փչացել է։
-Հա՛, այս տարի ամեն ինչ վատ է եղել… բայց ամենքը քեզ պես չեն գանգատվում… Ա՛յ, Մաթոսը, օրինակ, երեկ ասում էր որ՝ «փառք ըլի աստծուն, ի՞նչ կա, ամեն տարվա պես տարի է, է՛լի»…