Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես ղամշիդ մաշել քյոխվա վախտդ… Մոռացած կլես դու, ամա դե ես չեմ մոռացել, որ քամակիցս վազելեն՝ լուր ժամի դուռը, կապտացրիր ջանս… Չուր հմի հրեն հլա ջանումս ա մրմուռը:

— Կա՛ց հլա,— կանգ առավ Մելիքը,— ո՞նց թե մոռացել եմ: Սկի էլ չեմ մոռացել։ Բա թողեի, որ Խեչոյենց բաժնիցը կես արշին հողը խլեի՞ր… բա ըտենց գողությունը ղամշու արժանի չէր։

— Դե տե՛ս, տե՛ս…— տաքացավ Գրիշոն ու նույնպես կանգ առավ,— հագիր որ ասես թե Խեչոյիցը ոսկոռ էիր կերել ու նրա թարաֆն էին բռնում… էն կես արշինը որ կա, մերն ա ըլել, Խեչոն էր մեզնից զավթել… Հրեն ա՛յ, ընչու հմի համ սեմիչկա[1] եմ տնկոտել ընտեղ, համ էլ լոբու ակոսնին տարել վրեն…

— Ադա է՜յ,— կանչեց նրա վրա Մելիքը և գլուխը դեմ տվավ,– յանի որ արիր, արածդ պակա՞ս գողություն դառավ… Ախմախ քյոխվա ես գտել, ընդուր էլ արել ես, թե ե՜ս կբլեի քյոխվեն…

— Քյոխվա իր է՛լի, ի՞նչ արիր…— ճչաց Գրիշոն,— ղամշուդ էլ զոռ տվիր, ո՜ւշունց էլ տվիր… է՛լ հետ խո հողը մերը մնա՞ց։

Ա՜յնքան նման էին այդ րոպեին իրար դեմ կռվի ելած և միմյանց վրա նետվելու պատրաստ աքաղաղների, որ մերոնք բոլորն էլ չկարողացան ծիծաղները զսպել։ Մելիքը՝ յափունջին ուսերին, գլուխը դեմ տված ու բարկացկոտ աչքերով. Գրիշոն՝ բոլորովին մոտ, պայուսակը ոտքերի տակ, ցցված, երկար վիզը առաջ տարած…

Ինձ թվում էր, որ եթե կռիվ սկսեին, ամենից առաջ գլուխներո՜վն էին միմյանց զարնելու։

Սակայն այդպես չեղավ։ Ձայները ամենասուր խաղերի հասցնելուց հետո հանկարծ Մելիքը ցնցեց յափունջին և ասաց.

— Գնա՜, գնա՜, շա՜շ… գնա փառք տու, որ ե՜ս չեմ քյոխվեն…

Ու ետ քաշվեց։

— Որ ըլեիք՝ շատ բան կանեիր ա՜յ…— ճչաց Գրիշոն։ Ու պայուսակն ուսին առավ։

Սկսել էինք կամուրջն անցնել, երեք գերաններից կազմած այդ մազե կամուրջը։ Մելիքն ու Գրիշոն միմյանց ետևից ոտ կոխեցին նրա վրա։ Մելիքն ըստ երևույթին կամենում էր անշո՜ւշտ վերջին խոսքն իր վրա պահել, տաքացած էր։

Այդ էր պատճառը, որ կամուրջի մեջտեղում կանգ առավ նորից, դարձավ ետևից եկող Գրիշոյին և ձայնեց.

  1. Արևածաղիկ