Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2

Չգիտեմ ինչու՞, Թևոսն այնուհետև նկատելի կերպով փոխվեց:

Ո՛չ մի այն դադարեցրեց եոանդը՝ մեզ օգնելու, այլև սկսեց քիչ խոսել, բոլորովին չժպտալ։ Սրախոսելով կամ կատակելու փորձերն իսկ մոռացավ։

Գլուխը կախ, կապույտ աչքերը երազուն՝ եթե չէր լսում մեզ, գնում էր այս-այն ծառը զննելու, այս-այն եղևնու տակ կծկվել-նստելու։

Գրիշոյի հետ մորթեցին գառը, քերթեցին, խորոված շինեցին: Իսկ երբ կերել էր իր բաժինը, մի ումպով դատարկել մեծ բաժակով գինին, երբ ամենքս ուրախ խոսակցություն էինք սկսել, հանկարծ նկատեցի, որ Թևոսն անհետացել էր։

Ձորն իջանք, լեռնադաշտի բացվածքում թեյի նստեցինք, բայց Թևոսը երևան չեկավ։

— Էս ո՞ւր կորավ ոււզուն-ախմախը,— նկատեց նաև Գրիշոն։ Երեկոյան դեմ հանկարծ ծառերի միջից երևաց «ուզուն-ախմախի» դեմքը։

Լուռ մոտ եկավ, օգնեց հավաքվելու, ղրկեց երեխաներից մեկին և այդպես անխոս՝ հետևեց մեզ մինչև գյուղը։

Պահ մի մտքովս անցավ, թե գուցե մեկն ու մեկն իր կծու վարմունքով վիրավորել էր նրա ինքնասիրոությունը:

Բայց կարծես մտածում էր: Ո՛չ խոսակցության էր խառնվում, ո՛չ էլ մոտ գալիս։

Ասենք, Մելիքը սկի ո՛չ ոքի ժամանակ չէր տալիս խոսելու։

Պատմել էր սկսել նախ գյուղի մասին։ Գետից անց՝ ձեռնարկեց այս ու այն գյուղացուն բամբասել։ Ծաղրեց տանուտերին (քյոխվա), հայհոյեց ստարշինային (գյուղապետ)։

Իսկ երբ քանդված-ժամի մոտով իջնում էինք, պրիստավի անիրավություններից այնքա՜ն դեպքեր պատմեց, որ մինչև տեր Սարգսի այգին հասնելներս՝ չէր պրծնում։

— Ախր դու չե՞ս իմանում ինչ անիծածն ա է՜ է՜…– վերջացրեց նա կամուրջի մոտ։ Գեղերը ողջ՝ ձեռին եսիր ա շինել։ Աջ խփում ա, ձախ՝ խփում… վա՝յ ա, թե օրենքի անուն ես տվել։ Ո՞նց, օրե՞նք… Ա'ռ քեզ օրենք… Մեկ, երկու, տո՛ւր՝ որ կտաս… Ղա՛մշին էլ ա մաշվել… Հրեն ստարշինան ընդրանից ա սարվել, որ ում հասնում ա զամշով քյա՛լլին ա տալիս…

- Ցանի Մելի՛ք,– միջամտեց հանկարծ Գրիշոն,– էդ ընչի՞ ես ասում։ Էն ա որ դու էլ ստարշինա ըլեիր, դո՛ւ էլ կծեծրեիր, էլի… Քի՞չ