- Ադա՛, խո չի՞ գժվել էդ ուզուն-ախմախը,— ասում էին հեռվից անցնողները միմյանց,— էն ո՞ւր ա քարերը կիտում ըտենց։
Մտքերովն անգամ չէր անցնում, որ Թևոսը մտածում էր հողը մշակելի դարձնել, հերկել ու վարել։ Շատերն ենթադրում էին, թե անշուշտ ուզուն-ախմախը պետք ուներ քարի կամ փշերի։
Մի քանիսները սակայն կռահեցին ու ծիծաղում էին։ Նախ որ, պետական հող էր, երկրորդ՝ երբե՛ք չհերկած, խոպան, անբերրի։ Եվ հետո, մի՞թե հիրավի, Թևոսն ընդունակ պիտի լիներ հողը շուռ տալ գութանով, աղբել, ա՜յդքան փուշ ու տատասկը արմատախիլ անել, ճիլ դարձած շերտերը քրքրել և որևէ բանի գործածել։
Ու այլևս անուշադիր՝ անցնում էին։
Ճիշտն այն էր, որ Թևոսը վճռել էր մշակել այդ հողը։ Հո՛ղ էր հարկավոր նրան։ Գիտեր, որ համառ աշխատանքով կարող էր ամեն հողից օգտվել։ Եվ վերջապես ամեն տարի էլ խո չպե՞տք էր մուրացկանի նման, գիժ հացով թունավորել իրեն, ընտանիքին, սրա-նրա դուռն ընկնել, ձմեռը՝ սովել, գարնան՝ չնչին գնով այս-այն հարստահարողի մշակը դառնալ…
Ո՛չ, հարկ էր աշխատել, հող ունենալ։ Ի՞նչ է, Մելիքի չա՞փ էլ չկար։ Նրա նման հարուստ չէր, որ հաջողվեր անտառի կուրծքից կորզել, աբեշչիկին կաշառել, խլած հողի ծառերովը տուգանքները վճարել, պետության դեմ դատի ելնել…
Բայց ահա, գտել էր մի հող, որ լիովին անպետք, խոպան, ոչ իսկ հարոցի համար գործածելի, ո՛չ ոքի ուշադրությանը չէր արժանացել։
Համոզված էր, որ տերությունն անգամ չէր փորձի արգելք լինելու։ Ինչի՞ն է պետք, ո՛չ անտառ կար վրան, ո՛չ խոտ կարելի էր հնձել, ինքն էլ քարո՛տ, հավիտյանս-հավիտենից խոպան մնացած։
Եվ, վերջապես, մի՞թե իր քրտինքն ու աշխատանքը բավական չէր՝ հողին տեր դաոնալու համար։ Հող, որ իբր անպետք՝ դեն էր ձգված և որը, իր աշխատանքով, նա պիտի դարձնի պետքական, արժեք ունեցող և հողի աշխատավորին կերակրող։
Այդպիսի մտածումներով էր, որ Թևոսը ձեռնարկել էր գործի։
Ծրագիրն այսպես էր. մաքրել հողը քարերից, դիզել կույտ–կույտ, սայլով դուրս տանել և ապագա պարսպի համար հավաքել. փշերն ու տատասկներն արմատախիլ՝ ցախի տեղ բանացնել, պարսպի վրա դնել՝ տավարների դեմն առնելու համար, հետո՝ գութանով շուռ տալ հողը ծայրից ծայր, կտրտել-հաշմել հողի միջի արմատները, ապա թողնել, որ ձյունը գար վրան, մի լավ փխրեր, իսկ գարնանը՝ գետնախնձոր տնկել։
Գետնախնձոր, այո՛: Ահա միակ միջոց՝ հողը փափկացնելու։ Եվ երբ