Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անպետք տարածությունը այդ բոլորից հետո դաոնար վարելահող՝ պետք էր աղբել նախ, ապա մեկ ցանել վարսակ, մյուս տարին՝ գարի և հուսկ ուրեմն, մի քանի տարուց հետո Թևոսը հույս ուներ տեր դառնալ ցորենի համար բավականաչափ լավ, մեծ և իր ընտանիքը կերակրող արտի։

Այգ ծրագիրը գտնում էր իրագործելի, մտածելով, որ ո՛չ տերությունը պիտի որևէ արգելք լիներ, և ոչ էլ ինքը պիտի աշխատանք խնայեր։

…Երբ լսեցի, թե ուզուն-ախմախը, հիրավի, ձեռնարկել է այդ անսովոր աշխատության, սաստիկ հետաքրքրվեցի տեսնել հողը, տեսնել հողի աշխատավորին— և պիտի ասել հսկա աշխատավորին, որովհետև գիտեի, թե որպիսի՜ տաժանելի, տոկուն և մեծ աշխատանք էր հարկավոր՝ ցորեն ունենալու համար մի այդպիսի խոպան տարածությունից։

Աշունը գրեթե սկսել էր Դուզանում. ամպամած օրեր, անձրև մաղող շաբաթներ, խոնավ, մշուշոտ, ցեխ և ճնշող եղանակներ։ Այնուամենայնիվ հաջողվեց ինձ հասնել Թևոսի հողին։

Ուզուն-ախմախն արդեն կեսից ավելին մաքրել էր քարերից ա տատասկներից և ձեռնարկել՝ այժմ այդ կեսի հողը շուռ տալ գութանով:

- Բարև՛, Թևո՚ս։

- Այ աստծու բարին, պ. Երվանդ։

- Ա՛յ տղա,– կանչեցի նրան,— ինչո՞ւ չթողիր գարնանը հերկելու. հողը գոնե քիչ կկակղեր։

- Վնաս չունի, պ. Երվանդ,– գոչեց Թևոսը՝ առանց մաճը ձեռքից թողնելու,– անձրևները կակղացրել են. գարնանն էլ կհերկեմ, կթամզեմ, հլա կփոցխեմ էլ ու կարտոֆիլ կցանեմ… աստծով լավ կըլի, փիս հող չի. կասես մեշի հող ըլի։

Ու շարունակեց հերկել: Որդուն նստեցրել էր մի լծի վրա, վարձել էր չորս զույգ գոմեշներ, և գութանի տակ հողը արագությամբ շուռ գալով՝ խոր ակոսներ էր կազմում։ Հիրավի, անտառային հող էր երևում տակի շերտերում։ Ըստ երևույթին շատ առաջ այստեղ անտառ եղած պիտի լիներ։ Թևոսը չէր սխալվել և եթե շարունակեր այդպիսի անգալ գործունեությունը, մյուս տարվա վերջերին իսկ կարող էր մի աշնանացան փորձել նրա վրա:

Մնում էր տեսնել այժմ, թե տերությունը՝ անտառապահն ու պահապանը ի՞նչպես կվերաբերվեին Թևոսի «հափշտակությանը»:

- Թևո՛ս,— ասացի ես,— բաս ի՞նչ կանես, եթե գան ու հողը ձեռքիցդ խլեն։