Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որքան և սիրուն էր շրջապատող լեռն ու դաշտը, ձորն ու բուրերը։

Բայց հազիվ գորշ խորքի վրա սկսել էր գծվել հայկական մի հին ամրոցի տխուր ավերակների կույտը, հազիվ ամեն աղմուկից հեռու՝ միայն բնության ձայնն էր մեր ականջին հասնում, որ հանկարծ մեր ետևից լսվեց նախ խուլ, ապա բարձր շառաչ, որ գնալով մեծանում էր ու գալիս-մոտենում:

Սայլ էր, ահագին դղրդոցով թավալող մի մեծ սայլ (դրոդ), որ չորս կատաղի ձիերով սրարշավ գալիս էր՝ ավաղի, խճի և քարերի շատրվան ցայտեցնելով շուրջը։

Լցված էր նա բերնեբերան՝ գյուղացիներով, որոնք կոկորդ պատռելու չափ գոռում էին, աղմկում, ձեռքեր ու ոտներ ցնցում օդի մեջ, ելնում-նստում էին. միմյանց վրա ընկնում…

-Ինչ է այն,— գոչեց Հակոբը զարմացած։

-Մեր գյուղացիք են,— բացատրեց սայլապանը, որ կանգնել ետ էր նայում,— բաս է՛ն ա, պրծած կըլեն, որ ըտենց ուրախությունով են տուն գնում։

— Դուզանցի՞ք են։

— Հրամանք ես. ծաղկասարեցոց հետ սպոր[1] կար… կգիտենաք. է՛սօր էր րազբորը…[2] լավ կոնծել են. բաս հա՛ղթած կըլեն…

Մինչ այդ, մոտեցող սայլի մեջ սկսել էի նկտել հիրավի մեր գյուղից ծանոթ դեմքեր։ Նախ երկարավիղ Գևոյին տեսա, հետո Գրիշոյենց Մուկուչին, ապա Խոլերայի դեմքը երևան եկավ, կամաց-կամաց՝ նորընտիր քյոխվեն, երեցփոխը: Հաբեթ աղայի որդին՝ «կչկչան Նիկոլն» էլ կար մինչև իսկ:

Սայլը վարում էր կաղլիկ Ջավադը, որ անխնա մտրակում էր ձիերին, ոտները ցցում, գոռում էր և քիչ էր մնում գետին գլորեր կողքին նստած ալյուրոտ Զաքեին։

Ձիերը սրընթաց, կատաղի վազքով ցնցում էին մեծ, խարխուլ, արկղի նմանող սայլը, որ ոստնում էր, այս-այն կողմ թեքվում և քարի մանր խիճերով, սլաքների նման, շամփրում աջ ու ձախ։

Նկատեցին մեզ և ճանաչեցին երևի։ Կարմրամազ Սմբատը, բանից երևաց, որ մեջն էր, կառքի խորքում կուչ եկած և վիզը փորը ձգած: Ահա և վիզն ածիլած պայտար Խեչոն. նստել էր սայլի կողի վրա և ձեռքով ինչ-որ շարժումներ էր գծում օդի մեջ։

  1. վեճ
  2. դատավարություն