Գոռում էին, բայց կառքի դղրդոցը չէր թողնում մի բառ իսկ հասկանալու։
— Հա՜յ-հա՜յ…— լսվում էր միայն։
— Գժվե՞լ են, տո՛,- գոչեց Հակոբը,– ադա՛, մեր ղութին քիչ դենը տար, թե չէ շուռ կտան։
— Հա՜յ-հա՜յ, եկանք հա՜…
Ու Ջավադը, երբ մոտենում էին, բոլորովին ետ պառկելով՝ քաշեց սանձերը, ճգնեց կառքը կանգնեցնել։
— Էդ ո՞ւր բարին… — լսվեց Խչոյի ձայնը։
— Տպռո՜ւ… ա՜յ ես ձեր… տպռու տո է՜է՜… փիե՜, էս շան ապրանքները կտա՞ղել են… տպռու՜ու՜…
Կանգնեցրին կառքը ճիշտ մերինի կողքին։
— Բարո՜վ, բարո՜վ…— ձայնեցին ամեն կողմից զվարթությամբ,- համեցեք մե՛զ հետ… նստեք մեզ հետ…
Արբած էին գրեթե բոլորը, բացի Խոլերայից և երեցփոխից։ Ու լա՜վ հարբած։
— Տեսնո՞ւմ եք,— հրճվեց Գևորգը,— կոնծել են ամենքը։
— Էդ ի՞նչ խաբար է խմբով,— հարցրի ես,— ի՞նչ կա, որ բազմությամբ, այսպես գործի օր գյուղաքաղաք էիք եկել։
— Գործ ունեինք, գո՜րծ… րազբոր, միրավոյ, պասրդենիկ[1]… – լսվեցին խառնիխուռն ձայներ։
Ամենքն էին խոսում։ Եվ խոսքերի հետ խառն՝ ծիծաղներ, աղաղակներ։
— Նստե՛ք, եկեք մե՛զ հետ նստեք…
— Ադա՛ դե տեղ ո՞րդիան ա, որ կանչում եք…
— Տո իրանք հրեն պակա՞ս սայլ ունեն, գիժ խո չե՞ն, որ ըստեղ գան…
— Ընչի, թող մե՛զ հետ նստեն…
Բայց մենք տեղներիցս չշարժվեցինք։
— Զեզ հետ կգանք, դուք քշեք…
— Հը՛, ըտենց լավ ա, պարոննե՛ր,— խորհուրդ տվավ երեցփոխը,– հրեն ձորագլխին ցած կիջնենք, ընտեղ կխոսանք…
— Քշի՛ր տո, Ջավադ,— ճչաց Խոլերան։
Ու երբ կաղլիկը մտրակում էր, աչքս ընկավ սայլի խորքին։ Զար
- ↑ Հաշտարար դատավորի փոխնորդ գյուղաքաղաքում. վարում է դատական գործերը