Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչպե՞ս է գործը,— հարցրի ես,— պատմեցե՛ք, պարոններն էլ իմանան։

— Թող ես պատմեմ,— բռնեց թևիցս Խոլերան։

— Թող քյո՛խվան պատմի,— մեջ մտավ Սմբատը։

Քյոխվան նախ մի բաժակ գինի կոնծեց, բեղերը սրբեց, մի մեծ բրդուճ հաց ու պանիր կոխելով բերանը՝ թշերն ուռեցրեց և ուտելով ասաց,

— Հըմ… հա՜, պա՛տմեմ, ընչի՞ չէ… հա՜մ հա՜մ…

— Տո մեկ բերանինդ կուլ տուր հլա է՜,— ծիծաղեց նրա վրա Զաքարը,– խո աջալա[1] չի՞… էն ա ես աս եմ, էլի…

— Չէ՛… ես…

Արեց քյոխվեն, մարմնի մեծ ցնցումով կուլ տվավ բերնի եղած և ասաց.

— Ըսե՜նց… Հմի պատմեմ… Հա՛, ի՞նչ էի ասում… Ամա՜ դրուստ, հլա սկի բան էլ չեմ ասել… Տո՛, կասես հարբել եմ, հը՞… խմածս ինչ էր որ. հարբելն ընենց կըլի ա՛յ, ոնց որ սուդիեն ա… Հա՛, տղաներիս ասեմ որ, էդ շան տղերքը՝ ծաղկասարեցիք, մեր կողքին չիմանլըղ ունեն. միթամ թե[2] քի՛չ ա գալիս։ Կամաց֊կամաց վրա են տալիս մինչի Կա՛թնաղբլուրը. մեկ էլ էն տենանք, որ մեր չոբաններին ծեծում են թե մինչի Կաթնաղբյուրը իրա՛նցն ա, ի՞նչ իրավունքով մեր տավարները դենն ենք արածացնում…

— Ադա՛, դրուստ որ հարբած ես,— միջահատեց Խոլերան,– բա ըտե՞նց կպատմեն… ի՞նչի բաս չես ասում, թե 30 տարի ա էդ 17 դեսյատինը մե՛զ ա տված, հլա մեկ վախտ էլ մեր քոչն[3] թնդի…

— Դա կասեմ էլի՜… Հա՛, ըտենց ա, ղորթ ա. մեր քոչն ընդի ա ըլել 30 տարի առաջ…

— Տո չէ՛, չէ՛,– զայրացավ Խոլերան,- երկու տարի առաջ չէ՞ր, որ քոչն ընդի էր… տո մո՞ռացել ես, քո տունն էլ ընգի չէ՞ր… բա ըտե՞նց ես վկայություն տալու…

— Հա՛, տո՜ , ղորթ որ մոռացել էի… թամամ երկու տարի առաջ… ողորմած հոգի մերս էլ հլա սաղ էր, էն տարին բո՜լ լոռ[4] շինեց ու կերանք ձմեռը… Հա՛, բա՞ս, թամամ հինգ տարի առաջ… Հինգ թե երկու, ա՞մի…

  1. Շտապողական
  2. իբր թե
  3. Ամառը լեռ գնացող գյուղացիք
  4. Մոթալի նման մի պանիր, որ շինում են թանից