Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անընդհատ, ծխում էր, մուշտակով պապիրոսը միշտ երկու դեղնած մատների մեջ, ծուխը միշտ հաստ բեղերի կարմրած ծայրերին, ձեռք էլ տարօրինակ կերպով դողդողալիս։

Կարծես քնից նոր էր վեր կացել, մի տեսակ ուռած կոպերով ու խամրած հայացքով աչքեր ուներ։ Ուրիշ կերպ չէի տեսել նրան։ Ժպտալիս տխուր ծալքեր էին կազմվում աչքերի անկյուններում և այտերի մազոտ ցցվածքներն ավե՞լի շեշտվում։

Թվում էր, որ սաստիկ խմող պետք է լիներ, եթե ո՞չ արդեն ալկոհոլիկ, նշանները պարզ էին, ձայնը խռպոտ, ձեռքերը դողդոջուն, դեղնության նշմարներ, մրսկանության երևույթ և կաշվի մի տեսակ հատկանշական յուղոտ փայլ։

Ակնարկը մեզնից՝ դուզանցոց, նրանցից դեպի մեզ, անընդհատ ծխում էր, շատ կարճ, ակամա պատասխաններ տալիս և փոքրիկ ցողակի ժպիտներ կազմում դեմքի վրա։

— Դո՞ւք էլ սրանց հետ եք, — հարցրեց նա մեզ քիչ հետո։

— Ոչ, մենք ճանապարհին պատահեցինք և եկել ենք ձորն իջնելու։

— Այո՞… — աչքերը փայլեցին, — իսկ ինչո՞ւ չեք իջնում, չէ՞ որ հետո ուշ կմնաք։

— Իհարկե, — արեց Գևորգը, — գնանք իջնենք, ի՞նչ ենք այս մարդկանցը կպեք. Հակոբն էլ ահա անհամբերությունից կարծես ուզում է իրան ձորը շպրտել։

— Գնա՛նք,— ասաց Վարդոն,— ե՛ս էլ կգամ ձեզ հետ։

— Համեցե՛ք, և եթե կուզեք՝ մեր կառքով ձեզ մինչև Ծաղկառաջ էլ կտանենք… այնպես չէ՞,— դարձա ես Գևորգին։

— Լա՜վ,— ասաց Գևորգը,- երեք հոգի ենք, թող չորս լինենք:

— Շնորհակալ եմ.…— արեց Վարդոն,– գնանք ուրեմն։

Շարժվեցինք տեղներիցս։

— Է՞դ ուր բարով, պ. Երվա՛նդ,— ձայներ Խոլերան։

— Ձորը։

— Հա՛… գնացե՛ք, ընչի՞ չէ…

— Դու էլ ես գնո՞ւմ, Վարդո՛,— հարցրեց Ոսկանը:

— Այո՛,— պատասխանեցի ես նրա փոխարեն,— մենք միասին կիջնենք, հետո մեր կառքով նրան իրա գյուղը կտանենք… — Հը՞մ… լա՛վ…

— Ինչ որ ա…– արեց քյոխվան, որ նստել էր,– երթաք բարով… ամա լա՛վ պրծար, Վարդո՛… գնա՛, գնա՛, քեզ հետ ուրիշ վախտ կտեսնվենք։