Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այ համեցե՛ք, Ոսկան ամի,– ձայնեց նրան Ջավագը,-կիսատ խո պտի թողայինք քեֆը։

— Բարև ձեզ,— արեց Վարդոն՝ մի քայլ ևս մոտեցած։

— Աստծու բարին,— պատասխանեցին նրան մի քանիսները:

— Համեցի՛ր, Վարդո,— դարձավ նրան երեցփոխը,— համեցիր կողքիս մեկ ստաքան գինի՛ անուշ արա…

— Չէ՛, շնորհակալ եմ,— ասաց Վարդոն՝ տեղից չշարժվելով և կարմրած,— Ոսկանի հետ էինք… Ասաց մեկ գնանք… թե դու մնալու ես, ես մենակ գնամ, Ո՛սկան.

— Ո՞ւր ես շտապում, ա՛յ տղա,— կանչեց Ոսկանը,— կաց մեկ ստաքան գինի խմենք ու միասին պադվոդով քեզ էլ կտանենք։

— Մթնով կմնամ…

Մյուս գյուղացիների սառը վերաբերմունքը, Ջավադի լիրբ ծիծաղն ու ակնարկները սրան֊նրան՝ բարկացրին ինձ։ Ճանաչում էլ էի Վարդոյին. իսկույն մոտ գնացի, բարևեցի և սկսեցի հետը խոսել։

— Ծանոթացե՛ք,— ներկայացրի նրան հյուրերիս։

— Ադա՛,— կանչեց այդ միջոցին Ոսկանը իր խրոխտ ձայնով,– ղորթ որ դուզանցի եք հա … Կեսօրից առաջ գործներդ պրծել, հրես իրիկուն ա դառնում, հլա գե՛ղն էլ չեք հասել։

— Յանի դիփ մե՞կ չի,— արեց Զաքարը,— օրը կորսվա՛ծ ա…

— Բաս սուդիեն ո՞ւր ա, տո՛։

— Հարբած էր, քարափի տակը տա՛րան, որ հով տեղում մի լավ քնի…— ծաղրեց Ջավադը,— համ էլ մի քիչ շատ պինդ էր խռմփացնում…

— Փու՛ ես ձեր…— ծիծաղեց Ոսկանը,— սկի տեհա ոչ, որ էդ շան տղեն օյազ հալով դեղ մտնի…

Վարդոն, կիսովին ականջը մեզ, աշխատում էր լսել նաև դուզանցիներին։ Կցկտուր պատասխաններ էր տալիս, գգալի կերպով նեղվում էր։

Հյուրերիցս՝ Հակոբը թողել էր քեֆ անողներին և անդունդի ծայրից կռացած հիացմունքով նայում էր դեպի խորքը, իսկ Գևորգը զննում էր նոր դեմքերը, մանավանդ Վարդոյին։

Զննելու էլ դեմք էր այդ։ Միջահասակ հիսնամյա գյուղացի, թեև նո՛ւյն կոշտ դիմագծերը, արևակեզ դեմք ուներ, բայց բավական զանազանվում էր մյուսներից։

Հագել էր քաղաքացու նման. ամեն ինչ հնամաշ էր նրա վրա. սկսած գլխի «կարտուզից», որ գունազուրկ էր և տրորված—մինչև կարկատաններով լի եվրոպական կոշիկները։