Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հասկանալի է,— ասաց Հակոբը։

— Իսկ ուր ոստայն կա,— շարունակեց Վարդոն,— այնտեղ կա միմիայն ուտվող ճանճ… ծնվելուն պես գիտե նա, որ ցանց կա… Մնում է մի հնարք, լինել քծնող, խորամանկ, խաբեբա և գծուծ՝ սպրդել կարողանալու թելերից և գոնե քիչ ավելի ուշ ուտվելու համար… Անցյալ օրը մի գիրք էր ընկել ձեռքս, կարդում էի… Շա՛տ լավ գիրք էր։ Թիֆլիս էի գնացել մի ծանոթս տվավ… կարդում էի ու մտածում, որ շա՛տ լավ կլիներ, եթե դարվինիզմով բացատրվեր մեր գյուղացու ներկա հատկությունները…

— <<Դարվինիզմ>> գի՞րքն եք կարդացել:

— Այո՛… լա՛վ, պա՛րզ գրած գիրք է… և ճիշտ։ Ինքս դիտել եմ շատ բան… Որոշ միջատներ իրենց միջավայրի գույնն են ունենում, որովհետև այդ գույն ունեցողնե՛րը միայն կարողանում են ազատվել սարդից… Ներեցեք, առհասարակ ուտողներից—ուզեցի ասել…— և առաջացնել իրենց նման սերունդ…

— Որոշ միջատներ էլ,— ավելացրեց Գևորգը,— տերևների մեջ ապրելով, ստանում են տերևների նմանություն այնքա՛ն, որ զանազանել չի կարելի…

— Այո՛… շարունակեց Վարդոն,— ապրում են և բազմանում միայն նրանք, որոնք նմանվում են իրենց շրջապատող տերևներին, այդպիսի ընտրականություն մի քանի սերունդներից հետո առաջացնում է տերևաձև միջատների մի տեսակ, և այդ նոր տեսակի միջատը կզարմանա, եթե պատմես իրեն, որ տերևների ձևից ավելի լա՛վ ձև կա…

— Մեր երկրի գյուղացինե՞րն էլ նույն օրենքին են ենթարկվել ուրեմն ձեր կարծիքով,— հարցրեց Հակոբր։

— Նո՛ւյն… Ըմբոստները թշվառ են, ապերջանիկ… նրանք այլանդակություններ են շուտ են ուտվում… Ավելի ուշ ուտվելը դաոնում է իդեալ… Մտածե՛լ էի այդ բոլորի մասին, բայց բացատրել չէի կարողանում, գիրքը հասկացրեց։

— Բայց,— ասացի ես,— պատռեցե՛ք ցանցը…

— Պատռե՞նք…— ժպտաց Վարդոն,— ինչո՞ւ չէ… Բայց նախ հարկավոր է, որ ամե՛նքը զգան, թե ցանցը նեղիչ է և թե նրանից դո՛ւրս էլ կա կյանք ու ավելի՛ լավ կյանք… Հետո, շատ էլ հեշտ չէ պատռելը,առաջին զգացողին սարդն իսկո՛ւյն կլանում է… Մի ճանճը ոչինչ անել չի կարող, մի ըմբոստը, եթե չփշրվի էլ, ինձ նման օղիի կդիմի կամ ծաղրելի կդառնա… պետք է ամենքը… իսկ այդ «ամենքը» ունենալ դյուրին չէ…