Ասաց, ուժգին կերպով փլեց մուշտուկի մեջ, պապիրոսի մնացորդը դուրս շպրտեց ու ոտքի ելավ։
— Չգնա՞նք…
— Գնա՛նք…
Շատերը, եթե մտաբերեն, գուցե հիշեն իրենց պատահած այսպիսի մի երևույթ։
Վիճում ես մեկի հետ. դիմացինդ պարզում է քեզ իր հայացքը որոշ խնդրի մասին և հաջողվում է համոզելու չափ փաստեր տար։ Զգում ես, որ ճիշտ են ասածները, այնուամենայնիվ դեռ կասկածի մեջ ես, որովհետև իրական կյանքում նրա պատմած փաստերն անձամբ, քո աչքերովը չես տեսել։
Եվ ահա, չի անցնում մի քանի օր, երբեմն իսկ մի քանի ժամ, որ դիպվածով, ներկայությամբ հենց քեզ հետ վիճող պարոնի՝ ականատես ես լինում նրա ասածը հաստատող ապացույցին։
Այդպես օտարոտի մի պատահար էր ահա, որ հաստատելու համար Վարդոյի խոսքերը, դեմառդեմ տեղի ունեցավ ձորագլխում, երբ այնտեղ վերադարձանք։
Պետք է որ ժամը 6–ը լիներ, եթե ոչ ավելի ուշ, երբ ձորիցն ելանք ու մտածեցինք գյուղ գնալ։
Դուզանցիները չկային. գնացել էին։ Հարթության վրա մնացել էր միայն մեր սայլը։ Սայլապանը պարզված նրա մեչ քնել էր՝ գլուխը դրած մի երկար փայտի վրա։
Զարթնեցրի նրան։
– Վե՛ր կաց, գնում ենք։
Ելավ, աչքերը տրորեց ու իջավ սայլից։
– Հա, եկա՞ք,– արեց նա,– բա ընչի՞ էսքան ուշացաք… հրես կմթնի։
– Ոչինչ, լուսնկա գիշերներ են, սանձերը կարգի դիր ու նստենք:
– Ղորթ ա,— առարկեց նա՝ մոտենալով ձիերին, ամա դե շա՜տ ուշ մնացինք է՜… Ողջ օրը կորավ, ասի քիչ շուտ ետ դառնանք, բալքի թե մի երկու սել խոտ էլ ա տուն տանեմ։
– Վնաս չունի,– խոսեց Վարդոն,– ուրիշ սել էլ ունես. ախպերդ հմի նրանով տարած կլինի։
– Դո՞ւ էլ ես գալու Դուզան, —ասաց սայլապանը՝ խեթ–խեթ նրան նայելով։