Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շա՜ն որդի,— սկսեց նա հարվածների հետ,– դու համարձակվում ես պլետով սպառնալ, հա՞… սպասիր մեկ քեզ սատկացնեմ…

— Յա՛, յա՜…— սկսեց ետ-ետ քաշվել գյուղացին,— յա՛ սպանելու՞ եք ինձ…

— Պիտի սպանեմ… ահա՛ քեզ… ահա՛ էլի՛…

Եվ ո՜չ իսկ մտածեց մի րոպե ձեռքը ցուպին տանել գյուղացին, այլ եկեն մեջքը դարձրեց ու ճչալով սկսեց փախչել դեպի խճուղին, Գևորը նրա ետևից՝ խարազանը ճոճելով օդի մեջ…

Ոչ միայն փախչում էր սայլապանը, այլև կանչում էր.

— Փիե՜… տո սպանելո՞ւ եք… ախր ես ի՞նչ արի է՞… տո ես ղալաթ արի, որ մի բան ասի…

Գևորգը հասել էր ետևից, հայհոյում էր ու զարնում:

— Վա՜յ, վա՜յ…— սկսեց աղաչել գյուղացին։

Կանգ էր առել ու կծկվելով, գալարվելով ուտում էր հարվածները, առանց ձեռք իսկ շարժելու զարնողի դեմ։

— Վա՛յ, վա՛յ…– գոռում էր նա,— ե՞ս մեղա աստծո, աղա՛… ախպե՛ր, ինչ կուզեք տվեք… տանե՛մ…, տանեմ, էլ ո՞ւր ես խփում… կա՞ց հալա…

— Դո՛ւ անպի՛տան, դո՛ւ սողուն…— կանչում էր. Գևորգը զարնելով,– է՞ս րոպեիս մեր պայուսակը մեջը դիր ու մեզ գյուղ տար, թե չէ…

— Տո տանեմ, տանեմ էլի՛… յա՛

Հետո հանկարծ վարմունքը փոխեց, կծկվեց, աղաչավոր, ստրկական ժպիտ կազմեց դեմքի վրա ու ասաց.

— Դե որ ուզում ես սպանել, ըհա՛, խփի՛ր… դու քո ինսա՛ֆը…

Այստեզ մենք միջամտեցինք։ Գևորգն էլ իջեցրեց խարազանը։

— Թող, Գևո՛րգ,— ասացի ես,— թող շա՛տ զզվելի է:

— Եվ ինչպե՜ս զզվելի…– կանչեց նա խարազանը հեռու նետելով,— քիչ է մնում խեղդեմ, սատկացնեմ այս սողունին… փոխանակ՝ ճանկերով լինի, ատամներով լինի՝ ինձ բզկտելու, դողում է այս բարակ, թելի նմանող քոսոտ խարազանի առաջ, փա՛խչում է, կծկվում, աղերսում, քիչ է մնում ոտներս լզի… Ո՜ւ ես քու կերած հացին ու ծածկած փափախին… Մո՛տ արի, շան որդի, լաչա՛կ ծածկեմ գլխիդ, լաչա՜կ…

—Ընչի՞, ա՛ղա,– կանչեց գյուղացին հեռվից,— մոտ չեմ գա, էլի՛ կծեծես…

— Արի ասում եմ է՜… արի՛ սայլը բարձրացի, թե չէ ողջ մարմինդ կջարդեմ…