Գյուղացին մի քայլ առաջ եկավ քծնող ժպիտը դեմքին, կանգ առավ խոնարհ և ասաց.
— Յանի ի՞նչ էի արել, աղա, որ էդքան ծեծեցիր։
— Հալա էլի կծեծեմ, սողու՛ն,— կանչեց նրա վրա Գևորգը։– Տո, դու մարդ ես, ջիգար ունե՞ս… տո դու սկի ամոթ յա սիրտ չունե՞ս..․ Հը անիծած, համ պլետ ես ցույց տալիս, համ էլ էդքան վախկոտ ես…
— Դե բա ի՞նչ անեմ, աղա, ես կարո՞ղ եմ ձեզ պես աղաների հախիցը գալ… Կերթաք ստարշինի, պրիստավի ու… էլ ողջ տարին ջաոմա քաշելուց չեմ պրծնի…
Հետո մոտ գնաց սայլին, արագությամբ մեր իրեղենները դարսեց տեղը, խոնարհաբար հրավիրեց մեզ նստելու և երբ սանձերն էր ժողովում՝ քշելու համար, քծնող ժպիտը դեմքին ինձ դարձավ ու ասաց․
— Դե աղա, էն որ ծեծեցիք էլ, երկու մանեթը կտաք, չէ՞… թե Ծաղկասար կուզեք՝ իրեքը…
— Լա՛վ, լա՛վ, քշի՜ր…
— Քշիր ու ձենդ կտրի՜ր, շա՛ն տղա,— բարկացավ Գևորգը,– հիմա ավելի փիս կծեծեմ, թե խոսել ես։
— Յա,— արեց գյուղացին,— դե քշում եմ էլի, էլ ինչի՞ ես ուշունց տալիս, յա թե չէ՝ ծեծել ուզում։
— Քեզ նման սողունի ոսկորներն էլ որ փշրես դեո քիչ է։
Գյուղացին Վարդոյին նայեց զարմացած ու հարցական, կարծես կամենում էր հարցնել նրան, թե՝ «ի՞նչու է բարկանում այլևս այդ քաղաքացին»։
Վարդոն, որ մինչև այդ լուռ, իսկ կառք նստելուց հետո գլուխը քաշ՝ պապիրոս շինել-վաոում էր, նայեց Գևորգին ու ասաց․
— Չի հասկանա ձեզ, պարո՛ն, իզուր եք փորձում ստրկային զգացմունքները զզվելի հանդիսացնել իր առաջ… քանի բարկանում եք՝ նա ա՛յնքան ավելի չի հասկանում ձեզ…
— Իսկ բնա՞զդ, ինքնապաշտպանության կամ անձնասիրության բնա՞զդ անգամ չունի,— գոչեց Հակոբը,- չէ՞ որ ամեն անասուն ունի դրանից։
Եվ մինչ կառքը սլանում էր ու խճուղին ելնում, Վարդոն առանց ժպտալու, ծուխը բեղերի մեջ՝ պատասխանեց․
— Այո՜, ունի… քայց ինքնապաշտպանության բնազդները տեսակ-տեսակ են լինում։ Փախչել, կծկվել, թաքնվել՝ հարվածից խուսափելու համար, աղաչել, լալ… Դրանք էլ ինքնապաշտպանության բնազգներ են