Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սակայն որպիսի՜ կարտուզ և ի՜նչ օրի ընկած փափախ. յուղոտ, ճմրտկված, ճաթրտած ու կոտրտած, կեսն ընկած, մյուս կեսը ցնցոտի դարձած կարտուզ, բուրդը գզգզված, կեսիցը կարծես տապարած և աղտի մեջ թաթախած փափախ, որոնք, ով գիտե, ինչ աղբանոցից էին գտել հանել…

Չնայելով հագուստներին, ձեռք-երեսի, ոտների և բաց կուրծքերի աղտին, ամենքն է՛լ ժպտուն ու զվարթ՝ իսկույն զանազան դիրքեր բռնեցին շուրջս։

Մեկը կկզեց և մռութը դրավ ծնկներին, երկրորդը փռվեց երեսի վրա՝ դեմքը դեպի ինձ, երրորդը մամխի թփի մեջ մտավ և սմքվեց այնտեղ, չորրորդը կողի վրա ընկողմանեց… ու ամենքն էլ շարունակեցին ծամել ու ծամծմոտել սինձը, որոնցից փունջ-փունջ ունեին ձեռքներին կամ թևերի տակ կոխած։

Ատամները սևացել բույսից, շրթունքները սպիտակել, դեմքերն արևակեզ, մազերնին թափթփած, առատ ու թավ, աչքերնին պսպղուն, սնդիկի պես շարժուն չարաճճիները, երբ ես էլ նստել էի, միմյանց նայեցին, քթթեցին, լուռ ծիծաղեցին, հետո թփի մեջ կծկվածը կանչեց հանկարծ.

— Ադա՛, բա ամո՞թ չի. ընչի՞ պ. Երվանդին էլ սինձ չեք թավազա[1] անում… Համեցե՛ք, սի՛նձ կեր… 

— Համեցե՛ք…— արին ամենքը և առջևս նետեցին մի-մի փունջ:

— Էս որտեղի՞ց եք քաղել, շա՞տ կա այս կողմերում։

— Շա՜տ…— արեց քարակույտի վրա նստողը,– հրեն ողջը սինձ չի՞… ամա ծաղկել ա հմի… գլխի կողմիցը որ ուտես, հլա դալա՛ր ա…

— Էս աղջիկնե՜րն ինչ գործ ունեն ըստեղ,— հարցրի ես նստելով,— սրա՞նք էլ են տավար արածացնում:

— Չէ,— խոսեց նորից նույն մանուկը,— սրանք ղազեր[2] են բերել դե՛, մենք էլ ասինք՝ գանք քիչ հետները խոսանք… ըսենց չի՞, ա՛ խալխը…

Ու այնպես ծաղրածու կերպարանք ստացավ և աչքը քթթեց, որ բոլորն էլ ծիծաղեցին։ 

— Հա՛մ էլ,— վրա տվավ նա՝ հեգնական ակնարկներ անելով սրան—նրան,— մեր նշանածնին են սրանք… Ա՛յ, էն Թագուշն իմ նշանածն ա…

  1. Մատուցել
  2. Սագեր։