— Վո՛ւյ, սատկես դու, հա՜… չանչեց[1] դեպի նա աղջիկներից մեկը,— սուտ ընչի՞ ես ասում…
Այնքա՛ն տարօրինակ մանուկ էր խոսող տղան, որ առանձնապես զննեցի նրան, մինչ խոսում էր և ծամածռություններ անում։
Գրեթե կիսամերկ էր. կարմիր կտավե հին ու կտրտված շապիկ, նո՛ւյնքան կտրտված ու մինչև ծնկները հասնող վարտիքի հետ։ Գլխին մի կարտուզ ուներ, որ կասես շան բերանը տված ու ծամած լիներ. ծուռ կոխել մինչև ականջները, սնձից սևացած ատամները բաց, դեմքն արևից կիզված ու թեփոտած, մազերն էլ շեկ։
Խոսելիս մեկ ինձ էր դառնում, մե՛կ էլ ծաղրածու կերպով սրան—նրան ակնարկներ անում և քրքիջների առիթ տվող ծամածռություններ կազմում այլանդակ դեմքի վրա։
— Անունդ ի՞նչ է,— հարցրի՝ միջահատելով նրան։
— Տելո ա։
— Դա ի՞նչ տեսակ անուն է որ…
— Տելամաք ա,— մեջ մտավ երեսի վրա փռվածը,— մենք Տելո ենք ասում։
— Ադա, ո՞ւր ես մեջ ընկնում, լպստա՛ծ,— կանչեց նրա վրա Տելոն,– քե՞զ ա խոսացնում, թե՞ ինձ… ընչի՞, ես գիդա՞մ ոչ, որ տեր-տերը ինձ Տելամաք ա կնքել։
— Տելեմա՞ք,— ասացի ես,— ո՞րտեղից է գտել հայրդ այդ անունը:
— Հե՞րս ընչի,— լայն ծիծաղեց Տելոն և ատամները ցցեց,տե՛րտերն ա գտել. մեկ դաֆթար ունի, ընդի կարդում ա ու երեխեքանցը. անուն դնում… Ա՛յ, էս գորտի անունը (ցույց տվավ առջևս փռվածին) Արտաշես ա դրել, մենք Արտո ենք կանչում։
— Նրա անունն էլ Ասքանազ ա,— մեջ մտավ մի երրորդ մանուկ և թփի մեջ սմքվածին ցույց տվավ,— ամա մենք Քանազ ենք ասում: —
—Ադա, էլի՞ մեջ մտաք,— ճչաց նրա վրա Տելոն,— տո սա ձե՞զ ա խոստացնում, յա՞ ինձ… Ուզում ես վեր կենամ ու ջնջխե՞մ… ի՜նչ բեհայա[2] խալխ եք, տո՜… Հա (դարձավ նա դեպի ինձ), ա՜յ, է՜ն մեկելի անունը Արտազ ա դրել, մենք Տազի ենք կանչում… Ադա, Տազի՛, ըռեխդ ցույց տու մեկ, ո՞ւր ես տավարի պես գլուխդ խոտերի միջին խրել: