Մինչ այդ, աղջիկները նստեցին և իրար կպած ու լուռ՝ ինձ էին զննում, միմյանց հետ երբեմն էլ փսփսում, ամաչելով ծիծաղում։ Չորս էին, թե հինգ. տասից֊տասներկու տարեկան կլինեին․ սև, աղտոտ, ոտաբոբիկ և տգեղ։ Մեկն էր միայն քիչ սիրուն, կապույտ, զզվող աչքերով և անմեղ մանկական ժպիտ միշտ դեմքին։ Նա էլ այնքան սինձ էր ծամել, որ ամբողջ բերանը սևացել էր, ինքն էլ ձեռք ու ոտքով ցեխաթաթախ ու մրոտ դարձել։ Պարզ և հնամաշ կտավե շրջազգեստներ ունեին, գլուխներն ինլ-որ չթի նմանող թաշկինակի մեջ էր փաթաթած, սակայն բոլորի մազերը փոշո՞ւց թե ցեխից՝ բրդի նման կոշտացել, միմյանց էին կպել։ Ամենքի ձեռքը մի-մի ճիպոտ կար, թևերի տակն էլ ուտելու բանջարեղեն՝ սինձ, շուշան, թրթնջուկ կամ քեղ։
Տազին, որին Տելոն այնքան կոշտությամբ հրավիրել էր մռութն ինձ ցույց տալու, կամաց բարձրացրեց գլուխը, նայեց մեր կողմը, հետո փռթկացրեց և նորից մտավ խոտերի մեջ։
– Սա խո մեր Բաղրամի որդի՞ն է,— ճանաչեցի նրան։
— Հա՛, քյուրդ֊Բաղրամի տղան ա,— ասաց Տելոն ծաղրալից շեշտով,— հենց հոր պես էլ ընենց ճչում ա, որ կասես աքլար ըլի.. կու–կու―կու-րիկուու՜․․․ Ի՞նչ ա ըլել, ա՛յ Տազի․․․ Սկի՛, յա կանչում ա թե՝ եկեք, սնձի տեղ եմ գտել, յա թե չէ՝ մի հատ շուշան ա քաղել, այ ոչփուչ ըլես դու, Տազ՛, հլա մեկ խոսա․․․
— Ադա, դե հերիք ա է՜ է՜…— ճչաց Տազին գլուխը բարձրացնելով,– դո՞ւ ինչ ես, դու՛… խոզի պես՝ խը՛մ-խը՛մ-խը՛մ… թե ի՞նչ որ քի՜թն ա վեր քաշում ստարշինի պես… փու՛հ…
— Չասի՞, չասի՞, ա՛ խալխը,— բարձր ու հնչեղ քրքջաց Տելոն,–տեսա՞ք, տեսա՞ք ոնց հոր նման աքլարի պես ճչում ա… Ապա վիզը ցցեց դեպի զայրացած Տապին, ձեռքի սինձը ցած թողեց, թևերը թափահարեց, ազդրերին խփեց ու աքաղաղի ձայնով ճչաց։
―Կու–կու―լի–կու՜―ու՜…
Բոլորը քրքջացին, հիրավի շատ ծիծաղելի էր այդ միջոցին Տելոի դեմքը, որ երկարացել, ծաղրաշարժ գծեր էր կազմել։
— Խլնքո՛տ, խլնքո՛տ…— աղաղակեց դեպի նա Տազին։
— Փո՛ւ…— արեց Արաոն,— բա ամո՞թ չի, տո ի՞նչ եք փիս շների պես իրար գզգզում։
— Դու՞ ինչ ես, դու՛,— դարձավ դեպի նա Տելոն,— ոզնի՜, քոլի՜ ոզնի…
— Ոզնի էլ ես, հլա խոզ էլ հետը․․․