Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Փիե՛, ո՞նց կըլի,- ասաց գզիրը խորամանկությամբ,– բա գնամ ի՞նչ ասեմ քյոխվին… համ էլ, ա՞րժի մի մանեթի համար…

- Տո ըհը՛, երկուսը տամ։

- Չէ՛, Կարա՛պետ, ինձ փորձանքի մեջ մի քցիլ։

- Տո ասա հիվա՛նդ ա, մեռնում ա, յա թե չէ Կարապետը հրեն չոլումը… մի բան գտի է՛լի… ե՛րեք մանեթ կտամ։

- Չէ՛, չէ՛,- արեց գզիրը քիչ կակղացած, սակայն գլուխն երերցնիլով,- որ գեղումը չըլեիր, յա Սարշեն, Հասար գնայիր… երեք մանեթն ի՞նչ զատ ա, որ իզուր քյոխվի ուշունցներն ուտեմ…

- Ադա՛, ի՜նչ գելն ես… բա ուզածդ ի՞նչ ա, որ պոկ գաս յախիցս:

- Դե ես ի՞նչ եմ ասում, Կարապետ, վեր կաց գնանք ու սկի՛ մի կոպեկ էլ մի տա… Հինգ մանեթն էլ հլա քիչ ա էն ուշունցների համար, որ պիտի լսեմ… Մեկ էլ տեհար զամչին հենց վրա բերեց ո՜ր…

- Փո՛ւ ես քու… տո բաս հինգ մա՞նեթ ա ուզածդ։

- Չէ, մեղա՛ աստծու, ես սկի կա՛պեկ չեմ ուզում, որ գաս գնանք հազըր հինգ մանեթը ջիբումդ կմնա։

- Տո գի՛տում եմ, գիտում, քյուրդի լակոտ… ըհը հինգ մանեթը, յախես[1] բաց թող…

Գզիրը երեսը շուռ տվավ ու ձեռքը պարզեց։ Կարապետը նրա բռան մեջ իբր փող՝ մի տերև կոխեց։ Տազին ծուռ հայացքով ստուգեց, որ ափի մեջ եղածը հինգանոց էր, գրպանը կոխեց, ծոծրակը քորեց ու ասաց.

- Յանի Կարապետ, գնամ քյոխվին ի՞նչ ասեմ հմի։

- Տո ինչ կուզես՝ ասա… Ես գյուղում չեմ, գնացել եմ Հասար՝ բանելու, ամիսներով չեմ գալու… Գնացել եմ Լալի գեղը եղ ու պանրի…

- Լա՛վ ա, ըտհենց կասեմ։ Ամա տես, իմ տրեխացուն դո՛ւ պիտի տաս հա՜… Հրեն ա՛յ, դռանդ առաջ մի ջուխտ կաշին իմն ա։

- Փո՛ւ ես քու… ըհը, էն էլ քեզ առ…

- Այ սաղ ըլես… Գնամ, գնամ ասեմ գյուղումը չես:

Ասաց Տազին, երեսը շուռ տվավ գնալու, սակայն իսկույն դարձավ և ժպիտը դեմքին՝ ավելացրեց.

- Բա Կա՛րապետ, էն տարին դու խոստացար երկու կոտ ցորեն… էն էլ չե՞ս տա. կալը խո պրծել ես։

- Տո ե՞րբ էի խոստացել, ա՛յ քյուրդ… Թալանելո՞ւ ես ինձ:

- Ինչի՞, մագամ ես ղա՞չաղ եմ… Կուզես մի՛ տա… ամա որ քյոխվեն ինձ ղամչիեց ու էլ հետ ետ ղրկեց, էն վախտը ո՞նց անեմ…

  1. Օձիքս