Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Վա՛յ ես քու… ադա բաս էլ ո՞ւր առար մանեթները, տրխացու կաշին։

― Կուզես ետ տամ, ախպե՛ր… քեզ խո լավություն չի ըլում անելը, երկու կոտ ցորնի համար հորս էլ գյոոիցը կհանես։

― Ա՛ հարամզադա, ցորենը չոլի՞ցն եմ գտել․ բա դու խի՞ղճ չունես, որ էլի բան ես ուզում…

― Ինչի՞ ուզեմ, չեմ ուզում։ Հյոխվեն ինձ ղրկել ա, որ քեզ կանչեմ՝ անում եմ. չես ուզում գալ գնամ ասեմ թե չի գալիս, համ էլ ինձ ուշունց ա տալիս։

― Տո առ, արի, արի ցորենը տար, արի թալանի, պրծի՛ր, տունս սաղ դարդկի… ձեր քոքը կտրվի, քո՛նն էլ, քյոխվինն էլ, ստառշինինն էլ…

― Փի՚ե, փիե… էգ խո ընենց ուշունցներ տվիր, որ թազա ծնած գառներիցդ մեկն էլ որ տաս՝ էլի դո՛ւ պարտք կմնաս… Ամա՛, հանաքը դենը, Սաբո՛, էն օրը գառներդ տեսա… լավն են հա… քե՛ֆս եկավ, ի՞նչ կըլի որ մեկը բախշես աղջկանս, հետը խաղա։

― Տո կորի է, կորի, քանի կողքերդ չեմ ջարդոտել․ քիչ ա մնում կնիկս էլ քաշ տաս, տանես։

― Կնիկ ի՞նչ եմ անում, մեկը շա՞տ եմ կարում պահի… Ուզածս մի գառ ա, ի՞նչ մաթահ զատ ա[1], որ ըտենց կատաղում ես… Հրես, ս. Գևորգի օրն ա գալիս, կտանենք մատաղ կանենք… Ես էլ քյոխվին կասեմ, ընենց կանեմ, որ աչքին էլ երևաս՝ մոռացած ըլի… Դու էդ գառը տուր, մի քիչ էլ, շատ չեմ ուզում, երկու բլուլ[2] խոտ էլ հարոցիցը, ոք ուտացնեմ գառան, չաղանա ու լավ մատաղացու ըլի… Հը՞ սրան ի՞նչ կասես, Կարապետ… աստված գիտի, ընենց անեմ, որ քյոխվեն հետդ նստի-կանգնի ու մոռանա, թե քեզ սուդ են կանչել, յա թե դու հարբել ու մարդ ես ծեծել։

Հանկարծ Կարապետը խեղկատակ դեմքով դեմքը ծռմռկեց, գրլխարկը ուժգնությամբ գետին խփեց, ու վտանգի մեջ եղած մարդու նման՝ սկսեց գռռալ…

― Հասե՛ք, ա՛ խալխը, աստված սիրողը հասնի, գզիրն ինձ թալանեց տունս դարդկեց…

― Հա՛, հա՛, հա՛…— քրքջաց Տազին,— ամա՜ հանաքչի ես ըլել հա՜, Կարո՛… Տո էլ ո՞ւր ես գոռգոռում, սաղ գեղը գլխիդ հավքում։ Յանի ի՞նչ ա ըլել, քեզ թալանեցի՞. տարածս մե՞ծ բան ա՝ հինգ մանեթ,

  1. Ի՞նչ մի գանձ է:
  2. Կազմված գուցե «բլուր» բառից. նշանակում է դեզ: