Քանազը ոտքի ելավ։
- Հլա գնանք մեկ ինքս տենամ ի՞նչ կանեմ,- ասաց նա։
- Վա՜յ, չէ՛, քյոխվա,- դեմը փակեց Տազին,- որ գնացել ես՝ կկատաղի· մեկ էլ էն տեհար՝ թարսվեց ու դուզ-դբա ստարշինան գնաց. էն վախտն էլ զադ չի ընկնի ձեռքդ· դիփ ստարշինան կուտի։
- Ադա, ղորթ ես ասում… Բաս դու գնա, տենանք ո՞նց կսարքես… ինչքան կարաս՝ պլոկի հա՜…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ո՞վ գիտե, հետո ի՞նչ պիտի լիներ, քյոխվեն, ստարշինան և այդպես փոքրից մինչև մեծը ինչպե՜ս պիտի թալանեին, մերկացնեին գյուղացիներին, եթե մի միջադեպ վրա չգար և քարուքանդ աներ խաղը, ոչնչացներ ամեն ինչ։
Հանկարծ լեռնալանջի մյուս մասից մի խռպոտ, մի այլանդակ աղաղակ ռումբի նման եկավ ընկնելու մանուկների մեջ։
- Ա՛ շան տղերք, ա բեհայանե՛ր , ա՛յ ես ձեր…
Դարձանք սարսափահար։ Մի ինչ-որ մարդ, ահագին փայտը ճոճելով, կարտուզը պինդ կոխած գլխին, չուխի ծայրերը գոտկի մեջ՝ կատաղաբար վազում էր դեպի մեր կողմը և հայհոյո՜ւմ, հայհոյո՜ւմ…
Մանուկներն ահաբեկ ոստնեցին, վայրկենապես ամենքը լեղապատառ՝ նետվեցին ամեն ուղղությամբ, իսկ Տազին սոսկումով ճչաց·
- Ադա քյոխվեն ա, տավարնին հարոցներն են մտել, վազե՛ք։
Հիրավի, երբ վեր նայեցի, ի՞նչ տեսնեմ… Տավարները բլուրներից, կարծես խոսք մեկ արած, խմբովին իջել-մտել էին գյուղացոց խտանոցներն ու ախորժակով հնձում էին պարարտ խոտերը։
Քյոխվան, որ երևի գյուղից անցնելիս տեսել էր այդ, կատաղած, փրփրած, ցուպը սպառնալից երերցնելով՝ վազում էր ջարդելու փոքրիկ նախրապաններին, որոնք գունդուգլոր՝ սլանում-փախչում էին ամեն ուղղությամբ։
Սրա-նրա ետևից ջանաց հասնել ահարկու իշխանը, փայտը գլխի վրա պտտեցնելով քանիցս նետեց այս ու այն փախչողի ետևից, հայհոյեց խոզային ճիչերով… սակայն ոչ ոքի հասնել չկարողացավ։
Քիչ հետո մնացինք ես ու աղջիկները։
Սրանք էլ ոտքի էին ելել։ Նայեցին ինձ, ծիծաղեցին և ճիպոտները վերցրած՝ գնացին դեպի սագերը։
Եվ երբ իջել խճուղու վրա՝ դեպի ետ էի նայում, տեսա դեռևս խուսափող ոտներ, կատաղությունից փայտը այս-այն կողմ նետող քյոխվին, որ փորձում էր գոնե մեկին ծեծած լինել· բարձրանում էր բլուրներն ի վեր, իջնում ծործորները… Նրա առջևից, գնդակների նման արագ