Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլորվում, անհետանում էին մանուկները, իսկ սագերը սարսափ ճիչերով ու թևերի թափահարումներով՝ սահում էին դեպիվտակը:

Սարալանջերն ամայացան. քյոխվի չոր, այլանդակ ստվերն էր միայն, որ երբեմն երևում էր այս-այն կողմ՝ նման հոտի մեջ ավեր սփռող կատաղած գայլի…

ԾՈՎԱՓԻՆ

1

Որոշեցի Գելենջիք գնալ այդ ամառ։ Բժիշկները ծովային բաղնիք էին պատվիրել, այլև ծովային օդ և ափի ավազուտների վրա փռվելու անգործություն։ Քայքայված ջղերս այդ կերպով միմիայն կարելի էր հանգստացնել։

Լավ էր, գոնե երեք ամիս կարող էի ազատ մնալ այն ճնշիչ մթնոլորտից, ուր ամեն ինչ գնալով՝ գարշելի կեղծություններից և նվաստացնող  համակերպություններից էր հյուսվում. ուր չէի՛ն բավականանում միայն լուռ մնալովս, այլ պահանջում էին գործակցություն՝ նոր սերունդին մղելու համար դեպի գծուծ և ստրկամիտ բթություն, այլև ամեն լավ բանից, նույնիսկ գիտությունի՛ց խորշելու ապականությունը։
Ուսուցիչ էի.- ահա բացատրող բառը։ Ուսուցիչ՝ 1905 թվից մի քանի տարի հետո, այն ետադարձ մռայլ ժամանակներում, երբ պայծառ ու ոգևորիչ օրերին հաջորդում էին թանձրացող խավարն ու լռությունը՝ ընդունակ մեղկացնելու ամենքին, ջլատելու ամեն կյանք…
Երբ գնացք նստեցի, սկսեցի զգալի կերպով հանգստանալ։ Ջանացի մոռանալ դպրոցը, վատասերվող աշակերտությանը և մանավանդ՝ իմ ընկերներին-ուսուցիչներին, զզվելի այդ խմբին, որ, կարծես, ընտրած ու կազմած լիներ հատկապես ետադարձ շարժման ասպետներից, մռայլ օրերի գարշ որջերից ծնած մարդագայլերից։ 
Ու մի անգա՛մ ևս սարսուռով մտաբերեցի ամեն ինչ։ Հիշեցի բարձրաձայն, հանդուգն կերպով «կրթող» բթամտությունները, ընկերներիս քծնող դիրքը «իշխանության» առաջ, նրանց «ուղղիչ» ստրկական դասերը աշակերտներին…

Պատկերացավ ապա թշվառ գալարվող, ապականիշ բռունցքի տակ մանրացող նոր սերունդը, որ հետզհետե կորցնում էր ամենայն