Վերջապես, հասա վերջին ապառաժին, պտույտ գործեցի նրա շուրջը և մի վայրկյան նստեցի հանգստանալու։
Բայց հազիվ ոտքս դրել տափարակի վրա, ուղղվում էի և շունչ առնում, որ դեմառդեմ եկա դարձյալ նույն աղջկան և շփոթված կանգ առա։
— Ա՛,— թեթև շարժում գործեց աղջիկը։
— Ներեցեք…— կմկմացի ես։
Երկուսս էլ նայեցինք միմյանց ու անցանք։
Ակնարկս խոնարհեցրել էի աղջկա հայացքի առաջ և զգացել, որ զայրույթից գունատվում էի։
Զայրանում էի այդպիսի հիմար զուգադիպության վրա։ Հիմա ի՞նչ պիտի մտածեր աղջիկը, չէ՞ որ կարող էր կարծել, թե հետապնդում են իրեն և այն էլ ոչ թե համարձակ, այլ գաղտագողի կերպով։
Վատ զգացմունքով լցված շտապեցի. հեռանալ այդտեղից և գնալ դեպի տուն։ Ո՛չ, այլևս հրվանդանի այդ կողմերում չարժեր մենավոր անկյուն ունենալու մասին մտածել։ Հարկավոր էր մյուս ափը անցնել, դեպի բաց ծովը։ Գոնե չէի հանդիպի միառժամանակ այդ աղջկան։ Փողոցում կամ մի տեղ էլ եթե հանդիպեի, վճռում էի խուսափել նրանից, վրան չնայել, ապացուցել, որ ամենև՛ին էլ չէի հետապնդում, չէի հետաքրքրվում նրանով, և որ եղածը հիմար զուգադիպության խաղեր էին միայն…
Բայց ո՛ր աստիճան գունա՜տ էր այդ աղջիկը մոտից։ Գունա՛տ։ Ո՛չ, ավելի շուտով դեղնագույն էր, ինչպես նորահաս ծիրան՝ կարմիր շերտերի ցայտումներով այտերի վրա։ Աչքերը, ապա այն խոր, երազուն աչքե՞րը, որոնք կարծես անդրաշխարհային բաներ էին որոնում տարածության մեջ և որոնք այլանդակորեն հակասում էին իրենց շրջանակավորող տխուր, օ՛հ, խի՛ստ տխուր կնճիռներին…
Ո՛չ, այդպես չէր, լավ չէի տեսել դեռ. այն դեմքերից չէր, որ մի հայացքով կարելի լիներ ըմբռնել, բայց այն դեմքերից էր, որոնց կամենում ես դարձյալ հանդիպել, դարձյալ տեսնել, զննել, հասկանալ… և սակայն միշտ դեռ չե՛ս հասկանում, կատարելապես չես զննել…
3
Երբ տուն հասա, կեսօրվա մոտ էր։ Տանտիկինը պարտեզում մի ծառի հովանու տակ թիկնաթոռի մեջ ընկղմված՝ կարդում էր։ Սուրճի պատրաստություն կար առջևի մեծ սեղանի վրա։