Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փորձեցի փոքր-ինչ էլ մնալ անշարժ, աչքերս փակել, նորից ծովի շշուկին ականջ դնել, նրանով օրորվել, մոռացության մեջ ընկղմվել… բայց անկարելի եղավ։ Աչքերս ակամա բաց արի և դեպի վեր, տարօրինակ աղջկա անհետացած բարձրությանը ուղղեցի։ Միտքս էլ այն կողմն էր գնում։ Ու պատկերացնում էի երևույթը։

Հիրավի, ի՞նչ էր այն, ո՞վ էր։ Ինչո՞ւ արդյոք այնքան տարորեն թվաց ինձ նրա երևույթը. հանկարծականությո՞ւնն էր պատճառը, թե՞ արդարև, աղջկա դեմքի ու շարժվածքների վրա կա՛ր նորանշան բան։

Վայելուչ ու շքեղ հասակով, վես քայլվածքով կին էր, ամեն ինչ համաչափ՝ դեմքի վրա, հագուստը անպաճույճ, բայց գրեթե օդային, թևերը բաց, ճերմակ ու գիրգ… Դե՛մքն էր, աչքերն ու ճակատն էին տպավորիչ· տմույն ճակատ՝ երկու խոր ակոսների վրա հենած կարծես, իսկ կապույտ աչքերը ծովի նման անծայրածիր և խո՜ր…

Արդյոք մոտակա ամառանոցի բնակի՞չ էր, թե՞ գուցե մի ջլախտավոր ինձ նման, որ մենություն ու հանգստություն էր որոնում ժայռերի խոռոչների տակ…

Չնայե՞լ արդյոք, թե որտեղ գնաց։

Իջա ժայռից ավազների վրա, մինչև իսկ մի քայլ արի վեր ելնելու համար։ Բայց այդտեղ կանգ առա և ամոթ զգացի։ Ուրեմն ահա, հետապնդելու էի գնում մի անծանոթ կնոջ· ճիշտ ինչպես սովորական կնախնդիր· նրանցից, որոնք ո՛չ մի շրջազգեստ բաց չեն թողնում առանց հետապնդման։

Ո՛չ, փոքր ի շատե լուրջ մարդը այդպես չէր անի։ Պետք էր սպասել։ Ամառանոցը մեծ չէր, հանդիպել միշտ կարելի էր նրան ծովափնյա զբոսավայրերում, լողարանների առաջ, փողոցների մեջ և կամ մանավանդ նավամատույցի վրա, ուր խռնվում են ամառանոց եկողները՝ ամեն շոգենավ գալու ժամանակ։

Չբարձրացա։ Մինչև իսկ մտածեցի այնպես անել, որ չհանդիպեի նրան գոնե մինչև մի քանի ժամ։

Այդ էր պատճառը, որ երբ կամեցա տեղս փոխել, ուղղակի վեր չբարձրացա այդ կողմից, այլ ջանացի եզերքներով անցնել շատ հեռու։

Սեղմված ժայռերին, քսքրտվելով կավոտ շերտերին, ոստնելով ի ութնիխութ, գնացի հեռու և առաջին դեմ ելած արահետից ելա՝ վեր հասնելու համար։

Հաշվովս՝ փարոսին մոտ պիտի լինեի։ Պահապանի շավիղը կարծեցի· բավական դժվար, տեղ-տեղ մագլցելով ելնելու շավիղ, որ շորերս աղտոտեց, ճակատս քրտինքով ծածկեց։