— Իսկ դուք,- հարցրեց նա,- ինչպե՞ս եք գտնում Գելենջիքը, դո՞ւր է գալիս ձեզ… Ասացիք, որ ուսուցիչ եք… Ներեցե՛ք, ինչպե՞ս է ձեր անունը… Երվա՞նդ… Հենց այդպե՞ս՝ պարոն Երվանդ. մի՞թե ձեզնում միայն անունն են տալիս… Այո, պարոն Երվանդ, հասկանալի է ինձ շատ լավ, թե ինչո՞ւ դուք ջղային հիվանդություն եք ստացել… Օ՜հ. ուսուցիչ լինել այսպես օրերո՜ւմ… մեկ օր չէի կամենա…
Ու դարձյալ ինքը սկսեց խոսել։ Պատմեց, թե իր մի ծանոթը, վաղուցվա մի ծանոթ, որ ջահել ժամանակ նրա ձեռքն էր խնդրել, բայց ծնողներից մերժվել էր, այդ մարդը ուսուցիչ էր Թիֆլիսի մի գիմնազիայում։ Սոսկալի բան էր լինել ուսուցիչ գիմնազիայում,- այո, այն էլ տեղացի տղաներով լի գիմնազիա։
— Ուսուցիչ եմ հենց այդպիսի մի գիմնազիայում,- ասացի ես դեմքս կնճռելով,– ծանոթ եմ եղածների հետ։
Տանտիկինս ավելի ուրախացավ կարծես և սկսեց պատմել տեղացի աշակերտների մասին։—Հարբա՜ծ գալ դասի, խորոված շինել դասրասանում, օղի՛ խմել… Օ՛հ, ո՛չ դաս սովորել էր մնացել այլևս, ո՛չ պատկառանք, ո՛չ վախ և ո՛չ էլ իշխանության առաջ «դողալ»… Սրիկանե՜ր, ուղղակի սրիկաներ էին դարձել նրանք. մտրակել էր հարկավոր, բանտ նստեցնել… բայց ինչ արած, ժամանակները այդպես էին. ջղային տարիներ էին, տակնուվրայության, անիշխանության շրջան էր…
Զգացի, որ արյունը գլխիս էր խփում, որ ջղային դրության մեջ էի ընկնում դարձյալ, որովհետև նորից հիշեցնում էին ինձ այն ամենը, ինչից ես փախել էի այնքան հրճվանքով և ինչի մասին այդտեղ լսելն անգամ չէի ցանկանա։
Բայց Աննա Վասիլևնան—այդպես էր տանտիկնոջս անունը—մտադիր էր դեռ շատ բան ասել. ցաված տեղ ուներ, շատ բաներ էր տեսել աչքովը, շատ նեղություններ էր քաշել «անիշխանական» դրությունից, նյութական վնասներ էր կրել…
Բարեբախտություն էր ինձ համար, որ այդ միջոցին պարտեզի դռնից ներս խուժող քրքիջն ու աղմուկը եկան վերջ դնելու տանտիկնոջս ողբերին։
— Ահա՛, ահա. ահա վերջապես մեր չարաճճիները,— ընդհատեց իր գանգատները Աննա Վասիլևնան և նայեց այն կողմը,— կծանոթացնեմ, և պիտի տեսնեք, որ ձեզ ևս պիտի վարակեն իրենց զվարթությունով։
Դռնից պարտեզ մտնողները երեք օրիորդներ էին և երկու պարոն։ Պակասում էր մի պարոն, ավելացել էին երկու օրիորդներ։
Աղմկալից մուտքը շարունակություն չունեցավ սակայն։