Դեպի մեզ պարզվող ծառուղու սկզբում դադարեցին ծիծաղները։ Օրիորդները, որ առջևից վազում էին, կանգ առան քրտինքները սրբելու. երկու պարոնները ծղոտե գլխարկները հանեցին և ժպտուն՝ նրանցով հովհարել սկսեցին թե՛ իրենց և թե՛ աղջիկների կարմրած դեմքերը։
Եվ այդպես լուռ՝ քիչ հետո գնացին դեպի սուրճի սեղանը։ Ոսուցիչը ոտքի ելավ։ Աննա Վասիլևնան ծանոթացրեց ամենքիս։ Օրիորդներից մեծը—սևահեր մի աղջիկ, տանտիկնոջն էր. մյուս երկուսը՝ մանկահասակ և թխլիկ շեկեր, դրացի ամառանոցից էին։
Պարոններն ուսանողներն էին։ Էստոնացին և ռուսը։ Տանտիկնոջ որդին չկար հետները։
— Իսկ ո՞ւր է Սերյոժան,— հարցրեց մայրը։
— Թողինք ծովափի վրա,— խոսեց շեկերից մեկը,— Ադելաիդա Իվանովնան տանը չէր. ասացին, որ գնացել է ծովափ. մենք Սերյոժային հրամայեցինք, որ մինչև Ադդային չգտնի, իրավունք չունենա մեր աչքին երևալ։
Ու ծիծաղեցին՝ աչքերը քթթելով։
— Օ՛խ իմ խելոք աղջիկներ,— գլուխն օրորեց տանտիկինը,— կարծել եք պատժել Սերյոժային, բայց հե՛նց իր ուզած գործին եք դրել։
— Է՛հ, մայրիկ,— ասաց աղջիկը,— ո՞վ չգիտե այդ. Սերյոժան չի էլ ծածկում. մանավանդ այստեղ։
— Միա՞յն այստեղ,— խոսեց մայրը.— դուք՝ հիմիկվան ջահելներդ նույնն եք ամեն տեղ, ամեն ժամանակ. այլևս ոչ մի պատկառանք, ոչ մի շրջահայացություն…
Հետո, երբ օրիորդները ուսանողների՝ ներսից բերած աթոռների և իրենք՝ ուսանողներն էլ գետնի վրա տեղ էին բռնել, Աննա Վասիլևնան դարձավ ինձ և ավելացրեց.
— Կնախնդրությունը այժմ ամենանորելուկ բանն է. եթե չգիտեք, դուք էլ իմացեք այդ, պարոն ուսուցիչ… ջահելների պչրանքն ու պարծանքն է այն. ամոթ է կնախնդիր չլինել, ասպետություն չգիտենալ, չունենալ մի քանի հատ «համակրություն»-ներ, որոնց բարձրաձայն նվիրում են այնպիսի սիրալիր խոսքեր, որ եթե մենք լսեինք մեր ժամանակներում, ամոթից գետինը կմտնեինք, այո՛… Չէ, չափազանց ազատամիտ է մեր այժմյան ոսկի երիտասարդությունը…
Եվ ելավ մեկնելու։ Երբ աթոռը հեռու էր դրել ու պատրաստվում էր գնալու, ցույց տալով ինձ, ասաց…
— Խնդրեմ պատվել ու սիրել մեր նոր հյուրին, պարոններ. կովկասցի հայ է, ուսուցիչ…