Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայ է, ուսուցիչ… ճաշը, տղայք, ժամը ճիշտ 2—ին. հետո ով ցանկա՝ պտույտ դեպի Կանաչ հրվանդանը՝ Մարթայի կառքով:

— Այն տգեղ կին կառապանը,— ասաց ռուս ուսանողը։

— Որ անգլիացու է նման իր՝ տղամարդու հագուստով և ժոկեյի գլխարկով,— ավելացրեց էստոնացին։

— Այո՛,— ասաց տանտիկինը, հետո ողջունեց և հեռացավ։ Նրա գնալուց հետո պահ մի խոսակցությունը դարձավ կին-կառապանի վրա։ Ապա տանտիկնոջ աղջիկը, որ ուշադրությամբ զննում էր ինձ, հարցրեց իմ որտեղացի լինելը, հիվանդությանս մասին տեղեկացավ և այլն։

Այնուհետև պահ մի ամենքն էլ հետաքրքրվեցին Կովկասի այն հեռավոր մասով։ Էստոնացին ուզեց իմանալ հայերի մեջ տիրող ոգու մասին. թե արդյոք ետադարձ շարժումը զո՞րեղ հետևանքներ էր արտահայտում, իշխանությունները ավելի՞ խիստ էին, իսկ սպանությունները, թալաններ ու հափշտակություննե՞րը… ճշմարի՞տ էր, օրինակ, որ Թիֆլիսի մեջն անգամ օր չէր անցնի առանց մի քանի հափշտակությունների կամ սպանությունների։

— Ասում են, որ մարդ մորթելը կամ հավ մորթելը միևնույնն է Կովկասում,— ասաց շեկ օրիորդներից մեկը,— օ՛հ, ի՛նչ սոսկալի կյանք է ձեր կյանքը։

Ռուս ուսանողը ավելի խո՛րը մտավ և տեղեկություն ուզեց ունենալ ինտելիգենցիայի մասին։ Արդյոք իմ հայրենիքո՞ւմ էլ մարդիկ, մանավանդ մտավորականները, հուսաբեկված ու հոգով տկարացած՝ կամ չնչինություններով բավականանալու չափ ընկել են և կամ ոտի տակի հողը կորցրած՝ իրենց քայլերը դեպի ճահիճներն են ուղղում և տիղմը իբր կայան ընդունելու վարժվում… Արդյոք այնտե՞ղ էլ, ինչպես երկրի ամեն կողմերը, դպրոցները, ապագա սերունդը կաղապարող այդ հիմնարկությունները, սկսում են խավարի և իմաստակության իշխանությունը վերականգնել, ուսուցիչներն էլ ժամանակի ետադիմությանը հլու հպատակ, իսկույն հարմարվելով՝ որպես կամակատար դռնապանը իր աղային, դարձել են զարհուրելի արարածներ, «ավելի թունդ կաթոլիկներ, քան նույն ինքը պապը»…

Օրիորդները թեև խմում էին այդ խոսակցության ընթացքում, բայց և երբեմն դեպի իրար ականջը կռացած՝ որևէ խոսք էին ասում և ծիծաղում։ Տանտիրոջ աղջիկը, կանգնած սեղանի մոտ, լրջությամբ ականջ էր դնում՝ հեգնող ժպիտը դեմքին։ Բայց երբ ուսանողը իր խոսքերով հիացած ու ինքն իրեն մտրակելով սկսեց ավելի հեռու արշավել