չգիտեմ ինչո՞ւ, մտապատկերների որպիսի՛ անըմբռնելի հաջորդումների շնորհիվ, թվաց, թե նա տանտիրուհուս աղջիկը չէր, այլ առավոտվան, ծովափում տեսածս օրիորդը։
Զգայախաբության ենթակա չե՛մ եղել ես, բայց այդ րոպեին, երբ նայում էի հեռացող Լիզայի ետևից, մի ամբողջ վայրկյան կատարելապես այն աղջիկը երևաց ինձ. նույն գորշ շրջազգեստն ու բաց վարդագույն բաճկոնը։ Նույն վես քայլվածքը և ուղղաձիգ բռնվածքը։
Համոզվածի պես էի նույնիսկ, որ եթե դաոնար դեպի իմ կողմը, անշուշտ պիտի վրաս հառեր իր խորունկ, կապույտ աչքերը, սառեցնող, ակնարկ խոնարհեցնող հայացքը։
Ու անախորժ զգացմունքով համակված, զգայախաբության պատրանքից ազատվելու դիտումով ուժ տվի ինձ և ակնարկս դարձրի դեպի հափրուկի ածուն։ Էստոնացին և շեկ աղջիկը այժմ ավելի կռացած դեպի միմյանց, նստել էին թումբի վրա և քչփչում։ Ռուս ուսանողն էլ երկրորդ օրիորդի հետ հասել էին պարտեզի հեռավոր կողմերը, ուր թփուտներն էին և ունեին անցողակի համբույրներ քաղելու հարմար խորշեր։
Գիտեի՛ն այդ երիտասարդները վայելել կյանքը լիաբուռն, ամեն քայլում: Գիտեի՛ն առնել բնությունից՝ ինչ կարելի էր՝ ծաղկի բուրմունքը, օդի անուշությունը, արևի ժպիտը, այլև ապրելու այն մե՜ծ, վսե՜մ հրճվանքը, որ սիրո համբույրների տակ է փթթում, բացվում և գիտե արհամարհոտ վեսությամբ քայլել փշերի վրայով, եթե նու՛յնիսկ արյունոտվի…
Օգտվում էին վայրկյանով։ Հիրավի՛ զվարճանում էին ու ծիծաղում աշխարհի վրա, ապա թե ոչ՝ աշխարհը կծիծաղեր նրանց վրա…
Ելա նստածս տեղից, շուրջս նայեցի և ափսոսացի, որ չէի կարողացել գրավել Լիգային ու մոտս պահել, մի երրորդ զույգ էլ ե՛ս կազմել առանց ժամանակ-րոպեն կորցնելու, գնա՜լ դեպի ծովախորշերի ափերին գտնվող ժայռերի հովանիները, պարտեզների խորքերում կռացած խնձորենիների մթության մեջ և կամ թփուտների թաքստոցների ետևում՝ քաղե՛լ կյանքից հնար եղածին չափ շատ և շուտ ամե՛ն հաճույք, ունենալ կարելի եղածին չափ ավելի՛ քաղցր րոպեներ և կենսապարար մոռացումներ…
Այդ իսկ միջոցին էր—զույգերին աչքիս առջևը տեսնելու նախանձի և նրանց նման անելու տենչանքի աճման րոպեին, որ պարտեզի դռան կողմից լսվեց տղամարդու մի հնչեղ ձայն, ծառուղու ծայրին նախ երևան եկավ մի ուսանող և նրա կողքին հայտնվեց վարդագույն բաճկոնով մի աղջիկ…
Նա՛ էր: Երրորդ անգամը լինելով՝ նա՛ էր, ծովափում տեսած աղջիկն