Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ, որ դարձյա՛լ դիպվածով դեպի ինձ էր գալիս, իր վես քայլերով ծովանման ակնարկը կարծես անհունության մեջ մոլորուն: Ադդան էր։

4

Բնազդաբար ոտքի ելա և մնացի կարկամած։ Ակնթարթորե՛ն սթափված, մոռացա զույգերն ու իմ խանդը, մոռացա նույնիսկ տենչանքս՝ վայելելու կյանքը, զույգերի նման օգտվելու երիտասարդությունից և ծիծաղելու աշխարհի վրա…

Այս ամենը ցրվեցին այնպե՛ս, ինչպես աոաջին անգամ Ադդալի երևույթը ցրել էր ծովափում վրաս իջնող երջանիկ թմրությունն ու անէությունը ունենալու հաճույքը։

Մոտենում էին։ Ինձ դեռ չէին տեսել։ Ուսանողը բարձրաձայն պատմում էր ինչ-որ մարդու մասին. լսում էի, բայց ոչինչ չէի հասկանում։ Ադդան, գիրքը միշտ թևի տակ՝ քայլում էր ուղղաձիգ շարժումով, դեմքի վրա գոյացել էր անորոշ մի ժպիտ։ Երբեմն էլ ինձ անլսելի ձայնով մի-մի բառ էր արտասանում. շրթունքներն էին շարժվում մի վայրկյան։

Քանի մոտ էին գալիս, ա՛յնքան ավելի լավ էր հաջողվում վերջապես զննել այդ տարօրինակ աղջկան։ Առաջին շփոթությունս ու կարկամությունս անցած՝ նստեցի և սկսեցի նայել։

Այնքան մոմեղեն ու անշարժ չէր երևում այլևս նրա կերպարանքն այժմ, ոչ էլ մեռելատիպ։ Խոշոր, կապույտ աչքերին հովանավորում էին բավական թավ հոնքեր, հետո մի սովորական ճակատ էր, որը երկու կողմից հավաքված վարագույրների էր նման, սանրվածքը իջել՝ գնում ծածկում էր գրեթե ամբողջ ականջները:

Սակայն այդքան գողտրիկ, այդքան գրավիչ դեմքի և ուշադրության արժանի վայելուչ շարժվածքների վրա, նույնիսկ սիրուն ժպիտի մեջ՝ սավառնում էր ինչ-որ տխո՛ւր, հուսաբե՜կ ու սրտմաշուկ ստվեր, ոչ անպայման կերպով գերակշռում էր բոլոր մյուս տպավորություններին։ Մարդ չէ՛ր կարող չհամակվել այդ թախիծով, այդ գրեթե անհույս արտահայտությունով, որ ընդունակ էր ամեն ծիծաղ սառեցնել շրթունքների վրա։

Բայց կողքից գնացող երիտասարդը կամ այդ չէր նկատում և կամ, սովոր նրան, մինչև իսկ մի տեսակ նորօրինակ հրապույր էր համարում սիրուն կնոջ վրա. այնպե՛ս, ինչպես սուգի հագուստը՝ գեղեցիկ ու վայելչակազմ այրիի: