Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ուսանողը լիաբերան քրքիջների հետ կատակներ էր ցրում ամեն ուղղությամբ, պատմում էր, կոտրտվում, սիրալիրություններ շռայլում…

Նրա ձայնն ու խնդումը իրենց հեշտօրոր երազանքներից դուրս կորզեցին պարտեզի մեջ ցրված խմբերին։ Թփուտներից դուրս եկավ առաջին զույգը և երկրորդն էլ հափրուկի ածուից ելնելով՝ տնկվեցին եկողների առաջ։

— Ահա և Ադդան,— ձայնեց հեռվից օրիորդներից մեկը և սկսեց վազել: Ռուս ուսանողն էլ ետևից։

— Այդ ո՞րտեղից գտաք նրան,— ձայնեց մյուս շեկը։ Եվ ամենքն էլ հավաքվեցին ածուների կողքին։ Ես մնացի բավական հեռու, սուրճի սեղանի մոտ։

Ըստ երևույթին Ադդան նկատել էր ինձ, որովհետև իմ կո՛ղմը նայեց կարճատեսի շոշափող հայացքով և մի բան հարցրեց աղջիկներից մեկին:

Այն ժամանակ էստոնացին եկավ դեպի ինձ և ասաց.

— Գնանք մեզ հետ, պարո՛ն, ծանոթացնեմ ձեզ մի ուսանողուհու որ շատ ինքնուրույն տիպ է։

Ու երբ գնում էինք դեպի խումբը, ավելացրեց.

— Բժշկականության ուսանողուհի է։ Շատ լավ աղջիկ է, բայց օ՛հ, շատ հոռատես և հիասթափված. ամեն բանի մեջ միայն վատն է տեսնում… արևի վրա անգամ սև բծեր է որոնում, այո՛…

Մոտեցել էինք։ Ինձ ներկայացրին։ Մեր ակնարկները հանդիպեցին և Ադդան նոր նկատեց (կամ նկատել ձևացրեց), որ իր տեսած մարդն էի ես։

Հոնքերը թեթևակի պռստեց, բայց իսկույն հետո վերստացավ իր ծպտուն ակնարկը և ասաց.

— Երրորդ անգամն է, որ հանդիպում ենք այսօր, պարո՛ն։

— Ահա՛ թե ինչ,– ձայնեց օրիորդներից մեկը,— այդ որտե՞ղ

— Ծովափին։

— Փոքրիկ տեղ է,— միջամտեց էստոնացին, չե՛մ զարմանա, եթե մի ամսից հետո ամենքն այստեղ իրար այնքան հանդիպեն, որ ատեք սկսեն միմյանց։

— Երևի երկրորդ հանդիպումին ենթադրեցիք, որ հետապնդում էի ձեզ,– ասացի ես Ադդային։

— Մի րոպե՝ այո՛,— ասաց նա,– բայց հետո գտա, թե գուցե ընդհակառակն ինձնից խուսափելու համար էր, որ նորից դեմառդեմ եկանք… փարոսի մոտ եղած ժայռի վրա կանգ առա և նայում էի ձեր ետևից, մի անգամ իսկ ետ չնայեցիք։