Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաճոյանալու ձևերն ու ձգտումները… Օ՛հ, նրա համբո՜ւյրն ունենալ, խելահե՜ղ լինել նրա կրքոտ շրթունքների հպումներից…

Քայլերս իրենք-իրենց շուռ եկան դեպի այն կողմը, և ես հուզմամբ, գրեթե դողալով ցանկությունից, արագ գնացի դեպի ծառերը:

Ջանացի հանկարծակիի բերել: Խուլ կերպով զգում էի, որ պիտի փախչեր և կամ, պիտի նստած մնար այն սոսկալի ծառացնի վրա ու պահանջեր, որ հեռանայի։ Այդպե՛ս էր չարաճճին, քանի ցս փորձել էի, և մատո՛վ իսկ իրեն դիպչելը արգելել էր լրջությամբ։

Ծառերի ստորոտներով, թփուտների տակից սահեցի և երբ ինձ թվում էր, որ մոտեցել էի, հանկարծ երևան եկա։

Գտնվում էի տասը քայլ հեռու. զարմացած կանգ առա՝ ճանաչելով Ադդային։

Հագուստը, մազերը, դեմքն իսկ փոխված էին։ Նա՛ էր։ Ոտները դեպի անդունդ, թևով գրկած և գլուխը մի մեծ ճյուղի կռթնեցրած, հայացքը անբաժան՝ իր աչքերին նմանող անծայր ծովից, լիովին անշարժ, որպես արձանացած դիցուհի,— ո՛չ իսկ իմացավ ներկայությունս։

Միայն բոլորովին երբ մոտ գնացի, գլուխը իմ կողմը դարձրեց, ելավ, ժպտաց ինձ ու ասաց.

— Կշտացա՞ք նայելով։ Տեսնում էի ձեզ… Ետ կացեք, որ իջնեմ։

Հետո համարձակ դուրս սողոսկեց և ելավ հաստատուն գետնի վրա։

— Կուզե՞ք միասին վերադառնանք տուն։

Բարևեցի։ Եվ տեսիլքը հիշելով՝ նայեցի մազերին ու հասակին: Դեմքն ու թևերը նման էին. նույնիսկ վիզը, որ բավական թաց էր։ Մազերը միայն սարքված էին այդօր արիշ տեսակ։ Գնդել էր ծոծրակի վրա:

Գունատ էր, ժպիտը տխուր, ձեռքը սառը և չոր, քայլվածքը դանդաղ։ Ավելի՛ հիվանդ էր երևում, այլև հոգնած:

Մտանք անտառ, հետո բացատը հասած՝ նստեցինք իրար կողքի մի կոճղի վրա և երբ բավական լուռ էինք, հարցրեց.

— Առաջի՞ն անգամ էր այսօր… բաց ծովի առաջ։

— Այո՛։ Դոք երեի հաճախ եք գալիս։ Ձեզ այլևս չեմ հանդիպում ալն կողմերը։

— Ամե՛ն օր այստեղ եմ։

— Սիրո՛ւմ եք ծովը։

— Ծո՞վը…— ասաց նա,– ի՞նչպես ասել ձեզ։ Գուցե և չե՛մ սիրում. նույնիսկ երբեմն ատո՛ւմ եմ… բայց սովոր եմ… Մի տեսակ ապշության մեջ է ձգում ինձ այդ լեղի տարածությունը: Կարծես հիպնոսացնում է, թովում… Այսպես է։ Անընդհատ և ժամանակավոր ծփումներ,