Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և թե հարկավոր էր մեռնել նրա համար, ապացուցելու, որ արժանի չէ՛ր նրան, որ զոհվե՛լ էր ուզում նրան…

Ա՜հ, միամի՜տ հիմարություններ և մարդկային անհատա՜կ կեղծություն, որ մի անգամով փշրել է նրա մեջ և՛ հավատք, և՛ սեր, օր մի հարվածսվ խստացրել է նրա կրած տանջանքները, շեշտել է նրանց այրվածքները: Որովհետև, երբ մարդ կորցնում է իր ետին ապավենը՝ անցյալից մնացած երջանկության հիշատակը, երբ մարդ ապացույցն ունի, որ այդ հիշատակն անգամ գարշելի է և նողկալի, այն ժամանակ անէությունն է ցանկալին, որովհետև կրած բոլո՛ր տանջանքները վերանորոգում են իրենց մրրկող, իրենց խարանող այրվածքները…

Սիրել այդպե՜ս ու խաբված լինել վատաբա՛ր, կորցնել դեպի կյանքը ունեցած հաճույքները, գարշանք ու ստորացումն զգալ անընդհատ իր մարմնի վրա և այն հրեշավոր հպումների հիշողության տակ երազնների մեջ անգամ ցնցվել… Օ՛հ, չափազանց շատ են դրանք՝ մի քանի կյանք իսկ ջնջելու համար…

Կար և մի ուրիշ բան, դա այն հուսախաբ հիասթափությունն էր,որ լրացնում էր պակասը, ջնջում էր նրա մեջ՝ կյանքից որևէ հույս ունենալու ետին հաճույքը։

Այստեղ Ադդան լռեց և ոտքի ելավ:

- Ո՞րն է այդ,— հարցրեցի ես,— հիասթափություն ինչի՞ց։

Նայեց ինձ, կարծես տարօրինակ գտնելով, որ չհասկացա։ Հետո նշան արավ քայլելու և ասաց.

— Հիասթափություն միջավայրից… Անդրադարձե՛ք մեկ մեր շրջապատի վրա… Լուռ ինչպես անապատ, անշարժ՝ որպես ճահիճ. ո՛չ միայն անշարժ, այլ հետզհետե գարշահոտ և լի զեռուններով. երեկվա մեր սավառնող բազեները այսօր ճախնուտների մեջ են իրենց փորը կշտացնելու իջել… Մեծանում է անապատը մի՛ կողմից, ճահիճը՝ մյուս: Ամե՛ն մեծություն փշրվել է և թխլիկ քաղքենիներ գոյացել. նույնիսկ մտավորականության մեջ կազմվել է մի գարշելի բուրժուականություն, որ իր ճանկերի մեջ լղպորում է ամեն միտք, ամեն թռիչք… Ամեն ոք քայլում է մենակ. կամ ինքն իր մեջ ամփոփված՝ որպես ջրակույտերի կողքին մի ոտքի վրա կանգնած երկարակտուց արագիլ, և կամ, բողոքի ամե՛ն մտադրություն բանադրանքի տված, լիբերալիզմի բազմաներկ դրոշն է բռնահարում ու նրանով բարոյախոսում…

- Դուք խի՛ստ եք։

- Բայց ճշմարիտ եմ… Չկա՛ մեծ շնչով առլեցուն այն շքե՜ղ երիտասարդությունը, որ պատմության մեջ գիտե՛ նոր էջեր բանալ. չկա՛ն