փորձառու հասակավորների այն երկաթե լուրջ ցնցումները, որոնք հասարակական կյանքը գիտեն մաքրել ամեն աղտեղությունից և ոչխարային մտավախությունից… Չկա ո՛չ մեկը. այժմ ամեն ոք ճգնում է ապացուցել, որ ինքը եղել է և կա բարեհույս ավելի՝ քան ամեն բարեհասություն. ամեն ոք կերդվի ձեզ, որ խոնավ չէ՛ օդը, խավար չէ՛ շրջապատը, մռայլ չէ՛ երկինքը… Կգտնեք նույնիսկ հայհոյողներ լույսին, գովաձայնողներ՝ ամեն գարշանքի…
— Մի՞թե այդ բոլորը ձեզ հետաքրքրում է,— ասացի ես։ Հետո զգալով, որ կարող եմ վիրավորած լինել այդ հարցումով, ավելացրի.— Ներեցեք, սակայն ինձ թվում է, որ ձեր սեփական տանջանքները շա՛տ ավելի մեծ են։
— Այո՛… սակայն ահա իմ մտածությունը։ Մարմինս ու սիրտս զզվեցնում են ինձ. փորձեցի ստուգել, թե արդյոք չէ՞ր կարելի գնալ մեռնելու հանուն մի լավ գաղափարի. գնալ գլխովին նվիրվելու մի լավ, լուսարար, փրկարար գործի, մոռանալ անձս, տանջանքներս, համառ ունակունությամբ և անձանձիր զոհողություններով նետվել հոսանքը բերող աշխատություններին… Ա՛յդ էր մնում միայն ոգևորող, այդ էր մնում իբր նպատակ. ուսումս շարունակել չէի ուզում և սիրտ չկար… Ինչո՞ւ, ավելորդ չէ՞ր… Ի՞նչ փույթ իմ լլկված անձը այլևս… Որոշեցի վերանորոգել հարաբերությունս հին, գաղափարակից գործիչների, ընկերներիս հետ… Ճանաչո՞ւմ եք դուք Սերյոժային։
— Լիզայի եղբո՞րը։
— Այո։ Հին, աշխույժ գործիչներից է:
— Չի երևում այդ։
— Անշուշտ… Այդպես չէր այն օրերում։ Այժմ նա, մայրաքաղաքում եղած ժամանակ, ռոճիկ է ստանում զանազան մթին տեղերից… Մայրը շատ դրամ չունի։ Տղան սիրում է թղթախաղ և կանայք։ Մի քանի սիրուհիներ ունի։
— Այդ դուք հաստա՞տ գիտեք։
— Գրել է ինձ իմ ընկերուհիներից մեկը և զգուշացրել։ Հայտնի է ամենքին այնտեղ… Բայց կան և ուրիշներն էլ այդ «հին հերոսներից»: Ով չի՛ կարողանում այդպես հեշտությամբ ծիծաղել մեր քթին — նա ընտրում է ուրիշ տեսակ անկումն։ Նրանցից մեկը, օրինակ, գինետների սեղանների տակն է որոնում իր կորցրած գաղափարները. երկրորդը ամուսնացել է, գործարանատեր դարձել և տրամագծորեն գործում է այն մտքերի հակառակ, որոնց համար նա կոկորդն էր պատռում և պատնեշներ էր կառուցում… բայց ի՞նչ հարկ երկարել։ Ինձ ծաղրեցին, երբ ես դիմեցի մի քանիսին՝ հայտնելով ցանկություններս։ Խո չէի՞ գժվել. պետք