էր ղգույշ լինել այդպիսի նամակներ անգամ գրելուց։ Է՛հ, խելքս ո՞րտեղ էր, չէի՞ տեսնում միթե, որ մարդիկ ապրել են ուզում, րոպեներից օգտվել, կյանքը լիաբուռն վայելել և այլևս «Հիմարություններ» չանել… վայելի՛ր դու էլ կյանքը, սիրի՛ր, ապրի՛ր, կոխի՛ր ամեն բարոյականություն. ի՞նչ բարոյականություն, հիմար խո չէի՞, կինը եղել է հանձնվելու և տղամարդը՝ առնելու համար, ահա կյանքի ամբողջ միտքը, էությունը. դրանից դուրս՝ ոչինչ։ Վայելք սիրո, միմիայն վայելք՝ իր ամենաբուռն տեսակներով… առա՛նց քաշվելու նույնի՛սկ պարծենալո՛վ, բարձրագո՛չ…
Եվ Ադդան լռեց։ Հասել էինք անտառի վերջին, այժմ մարգագետիններն էին սկսում։ Ճանապարհնիս անցնում էր նրանց միջով։
Սկսեցի խոսել ե՛ս։ Ջանացի Ադդային մխիթարել, հույսե՛ր տալ, հորդորել որ մոռանա անցյալը, թողնի՛ երազները, հաշտվի այն մտքերի հետ, թե կյանքի մեջ և՛ ճահիճներ կան, և՛ ջինջ աղբյուրներ, և՛ անապատ կա, բայց և անուշաբույր ծաղկալից բարձրություններ։ ճգնեցի ապացուցել նաև, թե ամենքը խաբեբա չեն ու տռփամոլ ամեն ազնվություն ծաղրելու չափ։
Մի խոսքով ամեն ջանք ու պերճախոսություն գործ դրի ապացուցելու, որ խավարը մշտատև չի՛ կարող լինել և որ արշալույսը վաղ թե ուշ՝ անշուշտ պիտի ծագեր։ Իսկ ինչ վերաբերում է այդ «հերոսներին», նրանք այժմ էր, որ իրենց սեփական գույնն էին ցույց տալիս, եղել են նրանք կե՛ղծ։ Ուրախ պիտի լինել, որ ետադարձ շարժումները դիմակազերծ են անում այդպիսիների՝ նոր փորձանքներից ազատ պահելու համար ապագա գործունեությունը… Չպե՛տք էր երբեք հույսը կտրել։ Չէ՞ որ կային բարձրություններ, մարդիկ կարող են ցրվել, մանրանալ, բայց գաղափարը խո չի՞ մեռնում… եթե կան բարձրություններ, ուրեմն և նրանցից ելնող ջրերը անշո՞ւշտ պիտի հոսանք կազմեն… Հոսանքը նոր ուժեր կծնեցնի. ահա այդ հոսանքին և այդ նոր ուժերին պետք է սպասել ակնդետ…
Լսում էր ինձ Ադդան, առանց առարկելու, առանց նայելու։ Վերջացնելուցս հետո՛ էլ ոչինչ չխոսեց, բայց նկատեցի, որ դեմքի ոչ մի գիծը չխաղաց։
Չէր հավատում. չէի կարողացել համոզել։ Անշուշտ, նոր չէին և ոչ էլ ազդու՝ իմ մխիթարությունները, ես ինքս գտա նրանց բավական ծամծմած մտքեր, որոնք միալար կրկնված այժմ այլևս ձանձրացնում են և երբե՛ք համոզում։
Հասել էինք իրենց տան առաջ։ Սեղմեցի պարզած ձեռքը։
— Չտեսնվե՞նք այլևս,— Հարցրի։